Աֆղանստանում Մի-17 ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա զոհ

Աֆղանստանի կենտրոնական՝ Դայքունդի նահանգում վթարի է ենթարկվել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող Մի-17 բեռնատար ուղղաթիռը։

Մի-17 ուղղաթիռը՝ Աֆղանստանի ԶՈւ-ում

Մի-17 ուղղաթիռ. Աֆղանստան

Ինչպես հաղորդում է ռազմական վերլուծական «Ջեյնս» հանդեսը, վթարն արձանագրվել է սեպտեմբերի 15-ին։ Վթարի հետևանքով մահացել է 1 հոգի, վնասվածքներ են ստացել առնվազն 6-ը։ Հայտնի է նաև, որ ուղղաթիռը բախվել է ԶՈւ ստորաբաժանումներից մեկի կայանի պատին։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Նշենք, որ Աֆղանստանի ՌՕՈւ-ն ունի 50 միավոր Մի-17, որոնք կիրառում է բեռների ու անձնակազմի տեղափոխման համար։ Բացի այդ, դրանք երբեմն 6 միավոր Մի-35 ուղղաթիռների հետ մեկտեղ օգտագործում են որպես գրոհիչներ։

Վերջին երկու տարիներին Ռուսաստանն Աֆղանստանին է փոխանցել 33 միավոր Մի-17Վ-5  բեռնատար ուղղաթիռներ։ Մատակարարումներն իրականացվել են «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության և ԱՄՆ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ ԱՄՆ կառավարությունը նպատակահարմար է գտել ուղղաթիռներ գնել Ռուսաստանից, քանի որ Աֆղանստանի ռազմական օդաչուները վաղուց ընտելացած են այս տեխնիկային և անձնակազմի լրացուցիչ վերապատրաստման կարիք չկա։

2013-ին կողմերի միջև կնքվեց նոր պայմանագիր, որը ենթադրում էր լրացուցիչ 30 միավոր Մի-17Վ-5-ի մատակարարում։ Նոր խմբաքանակի ուղղաթիռներից երեքն արդեն փոխանցվել են պատվիրատուին։ Պատվերի ավարտի ժամկետների մասին ոչինչ չի նշվում։

Մի-17Վ-5-ը խորհրդային հանրահայտ Մի-8 բեռնատար ուղղաթիռի՝ արտահանման համար նախատեսված Մի-17-ի արդիականացված տարբերակն է։ Արդիականացման արդյունքում ավելացել է ուղղաթիռի բեռնատարողությունը։  Ուղղաթիռի անձնակազմը 3 հոգի է, դեսանտի քանակը կարող է լինել մինչև 24 մարդ։

Ուղղաթիռի զանգվածը շուրջ 7,5 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 տոննա։ 2000 ձիաուժանոց երկու շարժիչների օգնությամբ այն կարողանում է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ շուրջ 590 կմ։

Նշենք, որ Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռներն աշխարհի մոտ 50 երկրների սպառազինության մեջ են։ Մեկ միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռի արժեքն է 14,75-17,5 մլն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *