Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղակայված ԱՄՆ դեսպանատան շենքի մուտքի մոտ սեպտեմբերի 16-ի առավոտյան ժամերին ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։
Ինչպես հաղորդում է բրիտանական The Huffington Post պարբերականը, ականապատ ավտոմեքենայի ղեկին մահապարտ ահաբեկիչ էր։ Քաբուլի ոստիկանության ղեկավար Ֆարիդ Աֆզալիի խոսքերով՝ ահաբեկչի թիրախն արտասահմանից ժամանած զինվորականների շարասյուներն էին։
Պայթյունի վայրում հայտնաբերել են Աֆղանստանի զինված ուժերի համազգեստից տարբերվող հանդերձավորմամբ զինվորականի դի։ Այս պահի դրությամբ զոհերի ու տուժածների ստույգ թիվ չի հրապարակվել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը։
Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերի սկզբին Աֆղանստանում հակաահաբեկչական մի շարք գործողությունների հետևանքով ոչնչացրել են «Թալիբան» խմբավորման անդամ 19 զինյալի։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ին, «Թալիբանի» զինյալները հարձակվել էին Աֆղանստանի արևելյան Ղազնի քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել էր 25 հոգի, որից 13-ը զինյալներ էին, տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել 80-ը։
ԱՄՆ-ն ու վերջինիս դաշնակիցները 2001-ից Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման դեմ, որն էլ իր հերթին ձգտում է միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Այս պայքարի արդյունքում երկրում պարբերաբար արձանագրվում են ահաբեկչություններ։
Նկատենք, որ միջազգային խաղաղապահ ուժերը պետք է որ Աֆղանստանում մնան մինչև 2014-ի վերջը: Ապա դրանք դուրս են բերվելու, և երկրում մնալու է ամերիկացի տեսուչների ու հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչների փոքրաթիվ խումբ:
[հավելում] -«Ռոյթերսը» հայտնում է, որ այս պահի դրությամբ հաղորդվում է ՆԱՏՕ-ի 4 սպանված զինծառայողի ու ևս 5 սպանված քաղաքացիական անձի մասին։