ՌԴ ՌԾՈւ Հյուսիսային նավատորմի ռազմանավերը վարժանքներ են անցկացրել Արևելյան Սիբիրում

ՌԴ ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Արևելյան Սիբիրի ափամերձ շրջաններում՝ Կոտելնի կղզում ափ իջեցնելով ռազմական տեխնիկա և մի քանի հազար տոննա տարբեր նշանակության բեռ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանյան ռազմանավերն Արկտիկայում

Ռուսաստանյան ռազմանավերն Արկտիկայում

Զինծառայողների դեսանտավորումն իրականացվել է դժվարանցանելի ափամերձ շրջանում։ Գործողությունում նեգրավված են եղել դեսանտային մի շարք նավեր, որոնց անվտանգ ընթացքը երկնքից ապահովել են Կա-27 ուղղաթիռները։

Նախքան դեսանտավորման վայր հասնելը, վարժանքներում ընդգրկված ռազմանավերի խումբը սառցահատ նավերի ուղեկցությամբ անցել է շուրջ 330 կմ: Դեսանտավորման ընթացքում ընդհանուր առմամբ ափ են իջեցվել շուրջ 20 միավոր մարտական տեխնիկա, 200 զինծառայող և 3 000 տոննա բեռ՝ կղզում առկա զորախմբի և հենակայանների անձնակազմի նյութատեխնիկական ապահովման համար։

Նշենք, որ վերջին տարիներին ՌԴ-ն մեծածավալ աշխատանքներ է տանում նաև Արկտիկայում իր ռազմական ներկայությունը վերականգնելու ուղղությամբ։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1993-ից, գերթե բոլոր հենակայաններն այս տարածաշրջանում դադարեցրել էին իրենց գործունեությունը։

Զգալի աշխատանքներ է նախատեսված տանել նաև Արկտիկայում հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այս նպատակով Արկտիկայի 5 կետերում կտեղակայվեն ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք ոչ միայն կհետևեն օդային տարածքի բոլոր տեղաշարժերին, այլև անհրաժեշտության դեպքում կուղղորդեն սեփական ավիացիայի թռիչքները։

Հավելենք, որ տարածաշրջանի նկատմամբ հավակնություններ ունեն նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Վերջին տարիներին Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ՆԱՏՕ-ի ուժերն անցկացրել են մի շարք զորավարժություններ՝ ավիացիայի, ռազմածովային ուժերի և մի քանի տասնյակ հազարի հասնող անձնակազմի ներգրավմամբ։ Տարածաշրջանում շահերի բախման առարկան էներգակիրների հարուստ պաշարներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *