Ռուսաստանում ստեղծելու են անօդաչուների համար նախատեսված զորավարժարաններ

Առաջիկայում ՌԴ-ում ստեղծվելու են հատուկ անօդաչու թռչող սարքերի փորձարկումների համար նախատեսված զորավարժարաններ։Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդել է Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Իգոր Դենիսովը։ Նրա խոսքերով՝ ներկայումս Ռուսաստանում ընթանում են նաև մարտական անօդաչու ավիացիայի ստեղծման աշխատանքներ, սակայն դրանք դեռևս սաղմնային վիճակում են։

Այդուհանդերձ, նա հավաստիացրել է, որ այս պարագայում իրենք որոշակի խնդիրների առաջ են կանգնել։ «Խնդիրն այն է, որ ցանկացած դեպքում այս կամ այն թիրախի ոչնչացման վերջնական որոշումը մարդն է կայացնում, և այս պարագայում փոքր-ինչ անիրական են թվում այն անօդաչուները, որոնք ինքնակառավարման ավտովատ ռեժիմում հայտնաբերում և ինքնուրույն չեզոքացնում են թիրախներ»,-շեշտել է Դենիսովը։ Վերջինս նկատել է, որ ՌԴ-ում այնուամենայնիվ առկա են հեռակառավարմամբ սարքեր, որոնք խոցման համար նախատեսված համակարգեր են կրում, բայց դրանց քանակը բավարար չէ ու դրանց կողմից կատարվող խնդիրներն այնչափ բազմազան չեն, ինչպես օրինակ ԱՄՆ-ում։

Եզրափակելով խոսքը՝ Դենիսովն ընդգծել է, որ այսուհետ բավականին սերտ են համագործակցելու ՌԴ պաշտպանության նախարարության հետ հեռանկարային անօդաչուների մշակման ու ստեղծման բնագավառում։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում վերջերս ստեղծվել է  նոր հետախուզական-հարվածային հեռանկարային «Չիրոկ» անօդաչու թռչող սարքը, որը նախատեսում են ապագայում օգտագործել որպես կրիչ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համար։ Այն ներկայացվել է 2014-ի հուլիսի 9-ին Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Իննոպրոմ» ցուցահանդեսի ժամանակ։  Դրա գլխավոր առանձնահատկությունը ավանդական շասիի փոխարինումն է օդաբարձիկով, որը  հնարավորություն է տալիս կատարել թռիչք և վայրէջք գործնականում գրեթե ցանկացած մակերևույթի՝ այդ թվում նաև ջրի ու ձյան վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *