Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաքում անցկացված «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայում հաղթած դպրոցական հավաքական թիմերը մայիսի 21-ից 23-ը ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել են մրցումների հանրապետական եզրափակիչ փուլին: Նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում: Աշակերտները մրցել են շարային պատրաստության, կրակային պատրաստության («Մենամարտ» վարժասարքով), ձեռքի նռնակի նետման, զենքի քանդման-հավաքման, արգելագոտիների հաղթահարման մարզաձևերում, ինչպես նաև հանձնել են թեստային աշխատանք:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից հանրապետական օլիմպիադան Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ|: Այս տարի օլիմպիադային մասնակցել են Երևանի և մարզերի 11 թիմերի 88 աշակերտներ, ովքեր համառ պայքարի ընթացքում ցույց են տվել գերազանց հմտություններ և ունակություններ:
Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Լոռիի և Արմավիրի մարզերի թիմերը: Հաղթողները մյուս առարկաներից անցկացվող հանրապետական օլիմպիադաների ավարտից հետո միայն կպարգևատրվեն Կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պատվոգրերով ու արժեքավոր նվերներով խրախուսվել են առանձին մարզաձևերում հաղթած թիմերն ու աշակերտները, ինչպես նաև նրանց զինղեկները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպաները ևս պարգևատրվել են աշակերտներին հյուրընկալելու և օլիմպիադայի հանրապետական փուլը բարձր մակարդակով անցկացնելու համար: