Ադրբեջանը համագործակցելու է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության հետ

Ադրբեջանական «Օպտիկա-մեխանիկա» և թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունները համաձայնության են եկել համագործակցության հուշագիր ստորագրելու առնչությամբ:

Ինչպես հաղորդում է  ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, կողմերը համաձայնության են եկել Բաքվում ընթացող ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի ու «Ասելսան» ընկերության ղեկավար Հասան Ջանփոլադի հանդիպման ընթացքում:

Հավելենք, որ թուրքական «Ասելսան» պետական ձեռնարկությունը ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է նաև Միացյալ Նահանգներ։ 2014-ի հուլիսին հայտնի է դարձել՝ ընկերությունը «կուլ է տվել» իր դուստր ձեռնարկություններից ՄիՔԵՍ (MiKES)-ին։ Վերջինս ամբողջովին ձուլվել է «Ասելսանին» և այսուհետ լինելու է նրա մասերից մեկը։ Իսկ ավելի վաղ՝ 2014-ի մայիսին, Բեռլինում կայացած ILA-2014 ավիացուցահանդեսի ընթացքում «Ասելսանը» պայմանագրեր է կնքել եվրոպական Airbus կոնցերնի և բրիտանական Rolls Royce ընկերության հետ։ Դեռևս 2013-ի դեկտեմբերին Թուրքական «Ասելսանը» և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝  Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE), բացել է իր առաջին գործարանը Ղազախստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *