Ադրբեջանը դիմել է «Ռոսօբորոնէքսպորտին»՝ սպառազինության սպասարկման կենտրոն հիմնելու

2014-ի սեպտեմբերի 11-ին Բաքվում մեկնարկած ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներից է նաև «Ռոսօբորոնէքսպորտ» ռուսաստանյան պետական ընկերությունը։ Վերջինիս ներկայացուցչի խոսքերով՝ Ադրբեջանը դիմել է իրենց՝ իր տարածքում ուղղաթիռների և զրահատեխնիկայի վերանորոգման ու սպասարկման կենտրոն հիմնելու խնդրանքով։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ադրբեջանական կողմը խնդրել է պատրաստել առաջարկներ և ուղարկել իրենց։

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության պատվիրակության ղեկավար, ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը հայտնել է. «Մենք ուղղաթիռների սպասարկման արտոնագրված կենտրոնի և զրահատեխնիկայի համար համանման կենտրոնի կազմակերպման առաջարկներ ենք պատրաստելու։ Արդեն ընտրել ենք այս ուղղությունները»։

Բացի այդ, Տոպոլևը հավելել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկել են արդեն տրամադրած սպառազինության սպասարկման և անձնակազմի վերապատրաստման հարցերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռուսաստանյան «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգից ստացել է Մի-35Մ և Մի-17 ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *