Ուկրաինան «աֆրիկյան» տանկերը մատակարարում է երկրի ազգային գվարդիային

Ուկրաինական Խարկովի՝ Մալիշևի անվան գործարանից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) համար պատրաստված Տ-64Բ1Մ ու Տ-64ԲՄ1Մ տանկերը մատակարարում են երկրի հարավ-արևելքում ապստամբների դեմ կռվող ազգային գվարդիային, հայտնում է ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական ռազմարդյունաբերական գործակալության կայքը:

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնվելիք Տ-64Բ1Մ տանկեր, որոնք մինչ այդ պատրաստվել էին ԿԴՀ-ի համար

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնվելիք Տ-64Բ1Մ տանկեր, որոնք մինչ այդ պատրաստվել էին ԿԴՀ-ի համար

10 տանկերից կազմված առաջին խմբաքանակը ազգային գվարդիայի ստորաբաժանումներից մեկին են հանձնել սեպտեմբերի 10-ին, թեև մատակարարման մտադրության մասին հայտնի էր դարձել դեևս հուլիսի վերջին: Այն ժամանակ Ուկրաինայի նախագահն այցելել էր ազգային գվարդիայի զորավարժարան, որտեղ ծանոթացել էր ստորաբաժանումների վարժանքներին, ինչպես նաև գվարդիային էր հանձնել սպառազինություն: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ ներկայացրել էին ազգային գվարդիային տրամադրվելիք տանկերը, որոնց մեջ էր նաև Տ-64Բ1Մ տանկի առաջին օրինակը:

Մալիշևի անվան գործարանի տնօրեն Միկոլա Բելովը հայտնել է, որ մատակարարման համար ընտրել են «աֆրիկյան» տանկերը, քանի որ ազգային գվարդիային արագ տեմպերով տանկեր տրամադրելու կարիք կար, իսկ դրանց զրոյից արտադրությունը կտևեր մոտ 9 ամիս: Այդ պատճառով գործարանում որոշել են «վերակենդանացվող» տանկերը ԿԴՀ ուղարկելու փոխարեն մատակարարել ուժայիններին:

Նշենք, որ այսպես կոչված «տանկերի գերեզմանից», որտեղ զրահատեխնիկան երկար ժամանակ լքված էր մնում, ուկրաինացիները դուրս են բերում տանկերը, դրանք լրիվ քանդում ու նորից են հավաքում, ինչը թույլ է տալիս ոչ միայն ժանգից մաքրել ու կարգի բերել դրանք, այլև որոշակի լուծումներով արդիականացնել Տ-64Բ տանկերը:

Այսպես, տանկերի արդիականացման արդյունքում մասնակիորեն փոփոխվել են տանկերի պաշտպանական տարրերը: Մասնավորապես դինամիկ զրահով փակվել են ոչ միայն տանկերի աշտարակների առաջամասերն, այլև կողային հատվածները: Իսկ տանկերի իրանների կողային հատվածները հավելյալ պաշտպանական զրահաշերտերով փակվել են մինչ տանկի հետնամասն ընկած հատվածը:

Բացի այդ, խարկովյան գործարանում զգալիորեն կրճատել են տանկերի տրամադրման ժամկետները՝ պարզեցնելով ու էժանացնելով դրանց արդիականացումը: Մասնավորապես՝ Տ-64ԲՄ1Մ տանկը ուկրաինական Տ-64ԲՄ «Բուլատ» հայտնի տանկի պարզեցված տարբերակն է:

Ավելացնենք, որ ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» ընկերությունը դեռևս փետրվարին պայմանագիր ուներ արտասահմանյան պատվիրատուի հետ, ըստ որի՝ պարտավորվել էր 50 միավոր Տ-64Բ տանկեր արդիականացնել ու մատակարարել գնորդին, որի մասին տեղեկությունները ուկրաինական զենքի պետական արտահանողը՝ «Ուկրօբորոնպրոմը», չէր հայտնում։ Հետագայում հայտնի դարձավ, որ տանկերի պատվիրատուն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է:

Նշենք, որ արտասահմանյան մատակարարումից հրաժարվելու ևս մեկ պատճառ կարող էր լինել այն, որ 50 միավոր տանկերի վաճառքի արդյունքում ուկրաինական ընկերությունն ընդամենը 500 հազար ամերիկյան դոլարի օգուտ էր ստանալու։ Դա արդյունավետ քայլ էր այն ժամանակ, քանի դեռ տանկերը չէին օգտագործվում ու անպետքության էին մատնված «տանկերի գերեզմանոցում»։ Սակայն ներկայում ուկրաինական ուժայինները հավանաբար ավելի շատ տանկերի կարիք ունեն ու առավել արդյունավետ են համարում չկատարել ԿԴՀ-ի պայմանավորվածությունը։

Խորհրդային/ուկրաինական Տ-64 (նախկինում՝ Տ-64Ա) տանկը ԽՍՀՄ սպառազինության է ընդունվել 1969-ին որպես միջին տանկ (այդ շրջանում ԽՍՀՄ-ում «հիմնական մարտական տանկ»հասկացություն դեռ չկար)։ Այն նախագծել են խորհրդային Տ-64 տանկի հիմքի վրա, որը սպառազինության չի ընդունվել։

Տ-64-ի ուշ արդիականացումները զինված են 125 մմ հարթափող թնդանոթով ու մեկական 7,62 մմ ՊԿՏ ու 12,7 մմ ՆՍՎՏ գնդացիրներով։ Անձնակազմը 3 հոգի է։ Տանկի զանգվածը 38,5 տոննա է։ Տ-64 տանկն ունի 700 ձիաուժանոց շարժիչ ու խճուղու վրա շարժվում է մինչև 60 կմ/ժ արագությամբ։

Միասին վերցրած՝ տանկի բոլոր արդիականացումներից արտադրվել է մոտ 8000 օրինակ՝ ներառյալ ԽՍՀՄ սպառազինության չընդունված Տ-64 տանկերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *