ՄԱԿ-ը հաստատել է Գոլանի բարձունքներում գերեվարված 45 խաղաղապահների ազատման լուրը

Օրերս ՄԱԿ-ը պաշտոնապես հաստատել է, որ Ֆիջիից 45 խաղաղապահներ, որոնք գերեվարվել էին Գոլանի բարձունքներում, ազատ են արձակվել։

Ֆիջիի՝ գերությունից ազատված խաղաղապահները

Ֆիջիի՝ գերությունից ազատված խաղաղապահները

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, խաղաղապահները լավ վիճակում են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նկատենք, որ ավելի վաղ Ֆեյսբուք սոցցանցում Ֆիջիի պաշտպանության նախարարության պաշտոնական էջում հաղորդագրություն էր հայտնվել, թե խաղաղապահներին ազատ են արձակել, սակայն որոշ ժամանակ անց երկրի իշխանությունները հերքել էին լուրը։ Ապա խաղաղապահների ազատման մասին տեղեկացրել էր «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն օգոստոսի 28-ին հայտարարել էին, որ Սիրիայի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների հատվածում զինյալներն առևանգել են ՄԱԿ-ի 43 խաղաղապահների: Այնուհետև պարզվել էր, որ նրանց թիվը 45 է։ Սեպտեմբերի 2-ին նրանց գերեվարած «Ալ Նուսրայի ճակատ» զինյալների խմբավորումը հայտարարել էր իր պահանջների մասին։

Հավելենք, որ դեռևս 2013-ի մարտին ՄԱԿ-ի խաղաղապահները գերեվարվել էին զինյալների կողմից՝ որոշ ժամանակ անց ազատ արձակվելով: Գոլանի բարձունքներում 2013-ի աշնանն առևանգվել էին ևս 20 զինծառայողի ՄԱԿ-ի ֆիլիպինյան խաղաղապահ ուժերից։ Նրանց 3 օր անց ազատ արձակեցին, իսկ ահա 2013-ի մայիսին ևս 4 ֆիլիպինցու առևանգեցին, որից հետո Մանիլան հայտարարեց, որ դուրս է բերում իր զորքերը Գոլանից։
ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերը տեղակայված են Իսրայելի և Սիրիայի սահմանագծին 1974 թվականից։ Նրանք հետևում են երկու երկրների միջև հրադադարի ռեժիմին։ 2014-ի հունիսին ՄԱԿ-ը որոշել է իր առաքելությունն այստեղ երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: 2014-ի հուլիսի 31-ի դրությամբ այս հատվածում կան 1223 խաղաղապահներ Ֆիջիից, Հնդկաստանից, Նեպալից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից ու Ֆիլիպիններից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *