ԵԱՀԿ առաքելությունն Ուկրաինայում անօդաչուներ է ստանալու

Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունը 2-3 շաբաթվա ընթացքում իր տրամադրության տակ ունենալու է անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ԵԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքերին։ Հայտնի է, որ անօդաչուներն ուղղաթիռատիպ են լինելու, իսկ դրանք տրամադրելու է ավստրիական ընկերություններից մեկը։

Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ներկայացուցիչ Դիդյե Բուրքհալթերը հայտարարել էր՝ դիտորդներն ԱԹՍ-ներ են կիրառելու Ուկրաինայի հարավում խաղաղության պահպանմանը հետևելու և դրան նպաստելու համար։ Նրա խոսքերով՝ անօդաչուների միջոցով ԵԱՀԿ մշտադիտարկումներն առավել արդյունավետ կլինեն։

Հիշեցնենք, որ անօդաչուների՝ հնարավորինս շտապ գործարկումը հետևանք է նրան, որ պաշտոնական Կիևը և Դոնեցկի ու Լուգանսկի ապստամբները պարբերաբար փոխադարձ մեղադրանքներ են հղում միմյանց՝ վերջին օրերին հաստատված հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ։

Հավելենք, որ 2014-ի փետրվարի 22-ին, Ուկրաինայում Մայդանի հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն եղավ. Գերագույն ռադան գահընկեց արեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նրա պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Տուրչինովը։

2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմն անջատվեց Ուկրաինայից և գերադասեց մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Հանրաքվեից երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով կարգադրեց ներառել արդեն անկախացած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմի մեջ։ Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հանրաքվեն վավեր չեն ճանաչում մինչ օրս։ Հանրաքվեից հետո ՌԴ-ի դեմ միջազգային մակարդակով պատժամիջոցներ են սահմանվել։

Բացի այդ, Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից բախումներ են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014-ի ապրիլի կեսերից մինչ օրս Ուկրաինայի տարածքում սպանվել են ավելի քան 2.5 հազար խաղաղ բնակիչներ, վիրավորվել են 6 հազարը։ 2014-ի մայիսին Պյոտր Պորոշենկոն դարձել է Ուկրաինայի նախագահ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *