ՄԱԿ-ի առաքելության միջազգային դիտորդները Սիրիայում կառավարական ուժերի և ապստամբների միջև հանդես են եկել որպես միջնորդ։ Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, այդ միջնորդության արդյունքում ապստամբները համաձայնվել են շարքից հանված կառավարական տանկը փոխանակել երկու գերի ապստամբի հետ։
Փոխանակումը տեղի է ունեցել Իդլիբի շրջանի Հան-Շեյհուն քաղաքում։ Մինչև շարքից հանած տանկը կդնեին քարշակի վրա, ապստամբները ժամանակավոր դադարեցրել են կրակը և չեն խոչընդոտել աշխատանքներին։
Հետաքրքրական այն է, որ ապստամբները կրակ չեն բացել անգամ տանկը տանելուց հետո։ Սիրիական բանակի ներկայացուցչի խոսքերով այդ փաստը վկայում է, որ կառավարությունն ու ապստամբները կարող են պայմանավորվածություն ձեռք բերել։
ՄԱԿ-ի առաքելության դիտորդները հայտարարել են, որ վերը նշված փաստը կարող է դիտվել որպես առաջին քայլ հետագայում երկու կողմերի միջև եղած թշնամական հարաբերությունները հարթելու և Սիրիայում խաղաղություն հաստատելու գործընթացում։