Մեկնարկել են ՌԴ Կասպյան նավատորմիղի ու Սևծովյան նավատորմի ինքնաթիռների համատեղ վարժանքները

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի ստորաբաժանումները, ինչպես նաև ՌԴ Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի մարտական ինքնաթիռներն ու ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 10-ին դուրս են եկել Կասպից ծով՝ ստուգատեսային մարտավարական վարժանքներ իրականացնելու նպատակով։

Դաղստան հրթիռային ռազմանավը

Դաղստան հրթիռային ռազմանավը

Ինչպես հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, զորավարժությունների ընթացքում կիրառվելու են նավերի սպառազինության բոլոր տեսակները՝ պայմանական հակառակորդին հակահարված տալու համար։ Ընդհանուր առմամբ մասնակցում են 15 ռազմանավեր, 50 միավոր ռազմական  տեխնիկա, Կասպյան նավատորմիղի 1000 զինծառայողներ։ Վարժանքներն իրականացվելու են Կասպից ծովի հյուսիսային ու կենտրոնական հատվածներում։ Որպես պայմանական հակառակորդ՝ հանդես են գալիս Սևծովյան նավատորմի ավիացիան և Հարավային ռազմական օկրուգի գրոհիչ ավիացիայի 2 միավոր Սու-25ՍՄ գրոհիչներն ու Բե-12 հականավային ամֆիբիա ինքնաթիռը։ Կասպյան նավատորմիղը գործարկելու է իր «Դաղստան» հրթիռային, «Գռադ Սվիյաժսկ» և «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը, «Ստուպենեց» հրթիռային կատերը և այլն։

Հավելենք, որ այս վարժանքներն անցկացվում են՝ համաձայն 2014-ի ուսումնական տարվա մեկնարկին Կասպյան նավատորմիղի գործունեության ստուգման պլանի։ Վարժանքները տևելու են մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *