Մեծ Բրիտանիան կարող է Պարսից ծոցում ռազմակայաններ հիմնել՝ իսլամիստների դեմ պայքարի համար

Մեծ Բրիտանիայի զինվորականները դիտարկում են Պարսից ծոցում 3 ռազմակայան հիմնելու հնարավորությունները՝ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարի համար։Այս մասին տեղեկացնում է The Times բրիտանական պարբերականը՝ հղում կատարելով բրիտանական ՊՆ-ում սեփական աղբյուրներին։ Համաձայն դրա՝  ծովային հետևակի մեկ գումարտակ կարող է ուղարկվել ԱՄԷ և Օման, իսկ Բահրեյնում նավահանգիստն ընդյալնելու են մեծ չափերի ռազմանավերի ու նավաստիներին մեծ քանակի ընդունման համար։

Նկատենք, որ բրիտանական ռազմակայանների հավանական տեղակայման մասին բաց աղբյուրներից հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել էր «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիա ստեղծելու վերաբերյալ իր նախագիծը։

Այդուհանդերձ, Royal United Services Institute բրիտանական հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Մայքլ Քլարքի խոսքերով՝ իրականում Մեծ Բրիտանիան նախատեսել էր իր ռազմական ներկայությունն ընդլայնել Պարսից ծոցում դեռևս այն ժամանակ, երբ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը 2014-ին դուրս բերելու մասին լուրերը հաստատվեցին։

«Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորումը 2014-ի հունիսի սկզբին սկսել էր Իրաքի հյուսիսային ու արևմտյան հատվածների խոշոր քաղաքների գրավման գործընթացը։ Նրանց հաջողվել էր հանկարծակի գրոհների արդյունքում իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաքներ. հունիսի 10-ին նրանք գրավել էին Մոսուլը, ապա՝ հունիսի 11-ին՝ Տիգրիտը, մի քանի օր անց մոտեցել էին մայրաքաղաք Բաղդադին։

Նշենք նաև, որ օգոստոսի 15-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որի համաձայն պատժամիջոցներ են կիրառվելու Իրաքում ու Սիրիայում մարտնչող «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորումների անդամների և նրանց հետ առնչություն ունեցողների դեմ։ Այդ ցուցակում դեռևս ընդգրկված են 6 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *