Բուլավա հրթիռը հաջողությամբ արձակվել է «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից

Այսօր` սեպտեմբերի 10-ին, Սպիտակ ծովի զորավարժարանում 955 նախագծի (Բորեյ) «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավը Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով մենահատ արձակում է իրականացրել:

Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում

Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոյին:

«Արձակումն իրականացվել է սուզված վիճակում պետական փորձարկումների շրջանակում: Հրթիռն արձակվել է Սպիտակ ծովից և հասել Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարան»,- շեշտել է Կոնաշենկոն:

Նշենք, որ «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավից Բուլավա հրթիռն արձակվել է առաջին անգամ։

Հավելենք, որ այս տիպի սուզանավերի հիմնական սպառազինությունը հենց Բուլավա հրթիռներն են:

Այս հրթիռի փորձարկումների վերջին ձախողումն արձանագրվել է 2013-ի սեպտեմբերի 6-ին՝ Ալեքսանդր Նևսկի ատոմային սուզանավի վրայից արձակման ժամանակ։ Դրանից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դադարեցնել փորձարկման բոլոր աշխատանքները՝ մինչ հրթիռներում առկա թերությունների հայտնաբերումը: Թվով հինգ հրթիռ վերադարձվել էր գործարան՝հեռահաղորդակցման լրացուցիչ համակարգով ապահովելու համար, ինչը հնարավորություն կտա հսկել հրթիռի թռիչքի ողջ ընթացքը:

Հրթիռների արձակումը վերսկսելու մասին հրամանը ՌԴ պաշտպանության նախարարը ստորագրել է 2014 թվականի մայիսի վերջին։

Ինչ վերաբերում է հրթիռի սեպտեմբերյան անհաջող արձակման պատճառներին, ծովակալ Վիկտոր Չիրկովի գլխավորությամբ հետաքննությունն իրականացնող հանձնաժողովն իր եզրակացությունում նշել էր, որ դրա պատճառը եղել է գործարանային խոտանը:

Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց հրթիռի համակարգում ասնարքություններ են առաջացել։

Նշենք, որ 2004-ից ի վեր Ռուսաստանում ընդհանուր առմամբ արտադրվել է 46 Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Փորձարկումների փուլում արձակվել է դրանցից 19-ը, սակայն հրթիռի 7 արձակում անհաջողության է մատնվել:

Հավելենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին էին նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ, սակայն ժամկետները հետաձգվել են մինչև 2014 թվականի վերջ։

«Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է լինելու 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով։

One response to “Բուլավա հրթիռը հաջողությամբ արձակվել է «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից

  1. Pingback: Ավարտվել են «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավի պետական փորձարկումներն, այն կարող է հանձնվել ՌԴ ՌԾՈւ-ն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *