ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի մոտոհրաձգային ստորաբաժանումները Պրիմորյեում տեղակայված զորավարժարանում կիրառել են բոլորովին վերջերս սպառազինության ընդունված «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրը։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Ալեքսանդր Գորդեևը։
Նա նշել է, որ զինծառայողները բավական արագ յուրացրել են «Վերբա» դյուրակիր ԶՀՀ-ի (ռուս.՝ ПЗРК Верба) արդյունավետ կիրառումը, քանի որ դրանք իրենց կառուցվածքով և աշխատանքի սկզբունքով բավական նման են մինչ այդ շահագործվող «Իգլա» համալիրներին։
Գորդեևը տեղեկացրել է նաև, որ վարժանքների ընթացքում հակաօդայինները «Վերբա» դյուրակիր ԶՀՀ-ի կիրառմամբ խոցել են անօդաչու թռչող սարքեր մարմնավորող պայմանական թիրախներ։ Ընդ որում, ստորաբաժանումների առջև եղել է առաջադրանք՝ միաժամանակ խոցել 10-ից 15 թիրախ, որոնք թռնում են համալիրի խոցման տիրույթի առավելագույն հեռավորության և բարձրության վրա։
Ռուսաստանյան նախագծման 9Կ333 «Վերբա» դյուրակիր ԶՀՀ-ն օդային թիրախները կարող է խոցել մինչև 4 500 մետր բարձրության և 500-ից 6 500 մետր հեռավորության վրա։ Համալիրն օժտված է ավտոմատացված նոր համակարգով, շնորհիվ որի մարդկային գործոնը հասցված է նվազագույնի։ Ներդրված է նաև համակարգ, որը բացառում է անզգուշության հետևանքով սեփական օդուժի թռչող սարքերի խոցումը։
Դյուրակիր այս ԶՀՀ-ի հրթիռն օժտված է նշանառման եռասպեկտր գլխիկով, ինչի արդյունքում էականորեն աճել է համալիրի արդյունավետությունը։ Համեմատության համար նշենք, որ լայն տարածում ունեցող «Իգլա» դյուրակիր ԶՀՀ-ի նորագույն «Ս» մոդֆիկացիայի հրթիռի գլխիկը երկսպեկտր է։