Բուլավա հրթիռը շուտով արձակվելու է «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից

955 նախագծի (Բորեյ) «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավը դուրս է եկել Սևերոդվինսկից, որպեսզի սեպտեմբերի 10-ին Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով մենահատ արձակում իրականացնի։

«Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը

«Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը
Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմաարդյունաբերական համակարգում բարձրաստիճան աղբյուրին։

Սուզանավը դուրս է եկել Սևերոդվինսկից երեկ, իսկ արձակումը նախատեսված է Հյուսիսային նավատորմի ջրային զորավարժարաններում։ Ինչպես հաղորդել է աղբյուրը, հրթիռի արձակմանը ներկա է լինելու Ռուսաստանի նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը, ով կլինի սուզանավի վրա արձակման ժամանակ։

Հավելենք, որ «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավից Բուլավա հրթիռը կարձակվի առաջին անգամ։

Սուզանավը հուլիս ամսին փորձարկումներ էր իրականացնում ՌԴ ԶՈւ Հյուսիսային նավատորմի ջրային տարածքների զորավարժարանում։ Իսկ ահա հունիսի սկզբին կատարած փորձարկումների ժամանակ ստուգվել է նավիգացիայի, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքը։
Նշենք, որ հունիսի սկզբին սուզանավը դուրս էր եկել փորձարկումների, որի ժամանակ ստուգվել է նավիգացիայի, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքը։

Հավելենք, որ «Վլադիմիր Մոնոմախը» 955 նախագծի թվով երրորդ սուզանավն է։ Սրա կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականի «Սևմաշ» նավաշինական ընկերությունում։ Նախատեսվում է, որ նավը սպառազինման է հանձնվելու 2014 թվականին։

Ռուսաստանի նավատորմին արդեն հանձնվել են այդ նախագծի երկու սուզանավ՝ «Յուրի Դոլգորուկի» և «Ալեքսանդր Նևսկի» նավերը։ Կառուցման փուլում է «Կնյազ Վլադիմիրը», իսկ 2014 թվականի հուլիսի 19-ին կմեկնարկեն հինգերորդ սուզանավի՝ «Կնյազ Օլեգի» կառուցման աշխատանքները։

Բորեյ նախագծի նավերի երկարությունը 170 մետր է, լայնությունը՝ 13.5 մետր։ Սուզված վիճակում սուզանավի արագությունը մոտավորապես 54 կմ/ժ է, անձնակազմը 107 հոգի է։

Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում

Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում

Իսկ ինչ վերաբերում է սուզանավերի հիմնական սպառազինությանը՝ Բուլավա հրթիռներին, ապա դրանց փորձարկումների վերջին ձախողումն արձանագրվել է 2013-ի սեպտեմբերի 6-ին՝ Ալեքսանդր Նևսկի ատոմային սուզանավի վրայից արձակման ժամանակ։ Դրանից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դադարեցնել փորձարկման բոլոր աշխատանքները՝ մինչ հրթիռներում առկա թերությունների հայտնաբերումը: Թվով հինգ հրթիռ վերադարձվել էր գործարան՝ լրացուցիչ հեռահաղորդակցման համակարգով ապահովելու համար, ինչը հնարավորություն կտա հսկել հրթիռի թռիչքի ողջ ընթացքը:

Հրթիռների արձակումը վերսկսելու մասին հրամանը ՌԴ պաշտպանության նախարարը ստորագրել է 2014 թվականի մայիսի վերջին։

Ինչ վերաբերում է հրթիռի սեպտեմբերյան անհաջող արձակման պատճառներին, ծովակալ Վիկտոր Չիրկովի գլխավորությամբ հետաքննությունն իրականացնող հանձնաժողովն իր եզրակացությունում նշել էր, որ դրա պատճառը եղել է գործարանային խոտանը:

Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց հրթիռի համակարգում ասնարքություններ են առաջացել։
Նշենք, որ 2004-ից ի վեր Ռուսաստանում ընդհանուր առմամբ արտադրվել է 46 Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Փորձարկումների փուլում արձակվել է դրանցից 19-ը, սակայն հրթիռի 7 արձակում անհաջողության է մատնվել:

Հավելենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին էին նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ, սակայն ժամկետները հետաձգվել են մինչև 2014 թվականի վերջ։

«Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է լինելու 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *