Ռուսաստանին ռազմանավեր տրամադրելու որոշումը Ֆրանսիայում կընդունեն հոկտեմբերի վերջին

Ֆրանսիան դեռ վերջնականապես չի հայտարարել Ռուսաստանին «Միստրալներ» տրամադրել-չտրամադրելու մասին որոշումը, հետևաբար երկու երկրների գործարքը դեռ ուժի մեջ է, ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Նախարարը նշել է, որ ֆրանսիական կողմը չի կասեցրել ու չի դադարեցրել պայմանագրի կատարումը, իսկ ռազմանավերը տրամադրելու որոշումը Ֆրանսիան կընդունի հոկտեմբերի վերջին, քանի որ ուղղաթիռակիր նավերը Ռուսաստանին պիտի հանձնի մինչև նոյեմբերի 1-ը:

Ռուսաստանի համար նախատեսված ֆրանսիական արտադրության առաջին ուղղաթիռակիր նավը՝ «Վլադիվոստոկը»

Ռուսաստանի համար նախատեսված ֆրանսիական արտադրության առաջին ուղղաթիռակիր նավը՝ «Վլադիվոստոկը»

Խոսելով սեպտեմբերի 3-ին Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մասին՝ նախարարը նշել է, որ դա Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումն է Ուկրաինայի ճգնաժամի ներկա իրավիճակի մեջ Ռուսաստանի դերի վերաբերյալ, դա Ռուսաստանը կարող է ընդունել որպես կանխարգելիչ քայլ կամ նախազգուշացում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին՝ Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակը՝ ֆրանսիական կողմը որոշել է, որ հիմա նպատակահարմար չէ ռուսաստանյան կողմին փոխանցել «Միստրալ» տիպի ռազմանավերից առաջինը:

Այս տեղեկությանը ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները պատասխանել էին, որ իրենք պայմանագրի կասեցման մասին որևէ պաշտոնական նամակ չեն ստացել ֆրանսիական կողմից: Իսկ լրատվամիջոցների մակարդակով ռուսաստանյան կողմը նորից հայտարարեց, որ պայմանագիրը չկատարելու դեպքում Ֆրանսիան ստիպված կլինի վերադարձնել ռազմանավերի համար վճարված գումարն ու նաև տուգանք վճարել: Շահարկվում էր նաև Ֆրանսիայի միջազգային հեղինակության հարցը:

Տարբեր աստիճանի ռուսաստանցի պաշտոնյաներ ու փորձագետներ էլ առհասարակ կասկածի տակ դրեցին «Միստրալ» դասի ռազմանավերը գնելու նպատակահարմարությունը: Մասնավորապես, նրանք նշում էին, որ ռուսաստանյան ռազմական դոկտրինի համաձայն՝ ՌԴ զինված ուժերը չեն պատրաստվում երբևէ նման մասշտաբի դեսանտի իջեցման գործողություններ կատարել ռուսաստանյան ափերից հեռու, ինչի համար հենց նախատեսված են այս ռազմանավերը: Բացի այդ էլ, անհրաժեշտության դեպքում ուղղաթիռակիր նավերից կարելի է 3-4 տարվա ընթացքում պատրաստել նաև Ռուսաստանում:

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնն» էլ միանգամից մի քանի պատճառ նշեց, թե ինչու Ռուսաստանին պետք չեն այս ռազմանավերը: Բացի վերը թվարկվածներից, կենտրոնի մասնագետները հավաստիացնում են, որ ռազմական դոկտրինի փոփոխության դեպքում 2 ռազմանավերն էլ չեն բավականացնի, անհրաժեշտ կլինի չորս նմանատիպ նավ, իսկ Ռուսաստանը ավելորդ գումար է ծախսում ռազմանավերի ենթակառուցվածքի ստեղծման համար: Որպես ծանրակշիռ փաստարկ էին նշվում նաև այն, որ ռուսաստանյան կողմը չունի երաշխիք, որ ֆրանսիացիները հատուկ խոտանավորած չեն լինի ռազմանավերը: Մեկ այլ հիմնավորում է այն, որ Ռուսաստանը ստիպված է լինելու ռազմանավերի շահագործման ամբողջ ընթացքում սպասարկման ու սարքավորումների տրամադրման համար կախված լինել Ֆրանսիայից, ինչը ոչ միայն ֆինանսապես է ոչ ձեռնտու, այլև փաստորեն Ռուսաստանը նորից հայտնվելու է ֆրանսիական «չեմուչումներ» կրելու վտանգի տակ:

Այդուհանդերձ, Ֆրանսիան դեռ վերջնական որոշում չի ընդունել, իսկ դրա ժամանակը արդեն մոտենում է, որովհետև առաջին ռազմանավը՝ «Վլադիվոստոկը», պիտի Ռուսաստանին հանձնի մինչևև նոյեմբերի 1-ը:

Ավելացնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը՝ «Վլադիվոստոկը», Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի հոկտեմբերին, երկրորդը՝ «Սևաստոպոլը»՝ 2015-ի հոկտեմբերին:

One response to “Ռուսաստանին ռազմանավեր տրամադրելու որոշումը Ֆրանսիայում կընդունեն հոկտեմբերի վերջին

  1. Pingback: «Ռուսաստանը միստրալի կարիք չունի». Ռոգոզին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *