ՌԴ ԶՈւ-ն արձանագրել է անհայտ պատկանելության բալիստիկ հրթիռի արձակում Միջերկրական ծովում

ՌԴ զինված ուժերի հակահրթիռային պաշտպանության ռադիոտեխնիկական հետախուզության ստորաբաժանումներն այսօր՝ 2014-ի սեպտեմբերի 9-ին, մոսկովյան ժամանակով 12։31-ին արձանագրել են բալիստիկ հրթիռի արձակում Միջերկրական ծովի կենտրոնական հատվածից։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական հետախուզության կայան

ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական հետախուզության կայան

Արձակված բալիստիկ հրթիռի թռիչքի հետագիծը շուրջ 40 վայրկյան եղել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանի հսկողության տակ։ Ի վերջո, հրթիռն ընկել է Միջերկրական ծովի արևելյան ափերի մոտ՝ Թել-Ավիվից շուրջ 300 կմ հյուսիս՝ Սիրիայի և Լիբանանի սահմանի մոտակայքում։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 1 տարի առաջ՝ 2013-ի սեպտեմբերին։ Այդ ժամանակ ևս ՌԴ ԶՈւ ռադիոտեխնիկական հետախուզության ստորաբաժանումները Միջերկրական ծովում արձանագրել էին բալիստիկ 2 հրթիռի արձակում։ Ինչպես պարզվել էր ավելի ուշ՝ դրանց արձակումը կատարվել էր իսրայելա-ամերիկյան համատեղ վարժանքների ընթացքում՝ ամերիկյան ռազմանավից և նպատակ ուներ ստուգել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության մարտունակության աստիճանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *