ՌԴ զինուժի ինքնաթիռները Կանադայի ֆրեգատին մոտ թռիչքներ են կատարել Սև ծովում

ՌԴ զինուժի ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Կանադայի ռազմածովային ուժերի «Տորոնտո» ֆրեգատին կից։ Կանադական նավը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Sea Breeze զորավարժությանը Սև ծովում։ Կողմերը մեկնաբանել են միջադեպը։

«Տորոնտո» կանադական ֆրեգատը

«Տորոնտո» կանադական ֆրեգատը

Այս մասին սեպտեմբերի 8-ին հաղորդել է Կանադայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը գրանցվել է կիրակի՝ սեպտեմբերի 7-ին։ ՌԴ զինուժի 2 Սու-24 կործանիչներն ու 1 բեռնատար Ան-26 ինքնաթիռները բավականին ցածր բարձրության վրա թռիչքներ են կատարել «Տորոնտոյի» կողքին, իսկ ինքնաթիռներից մեկն անգամ իջել է 300 մ բարձրության վրա։

Այդուհանդերձ, Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը շեշտել է՝ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռները կանադական ֆրեգատին ու դրա անձնակազմին չէին կարող վնասել, սակայն «անհիմն սադրիչ գործողություն էին իրականացնում՝ ստեղծելով լարվածության աճ»։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին արձագանքել է միջադեպին՝ ընդգծելով, որ ինքնաթիռների թռիչքները եղել են պլանային, համապատասխանել են միջազգային նորմերին, ու հավաստիացնելով, որ ինքնաթիռները ֆրեգատից մեծ հեռավորության վրա են թռչել։

Նկատենք, որ «Տորոնտո» ֆրեգատը Սև ծով է մտել սեպտեմբերի 6-ին՝ մասնակցելու համար ամենամյա See Breeze զորավարժությանը, որին այս անգամ մասնակցում էին Ուկրաինան, ԱՄՆ-ն, Կանադան, Իսպանիան, Ռումինիան ու Թուրքիան։ Վարժանքների հիմնական նպատակը նավագանցության անվտանգության ապահովմանը միտված քայլերի մշակումն է։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գերատեսչությունը հայտարարել էր՝ սույն զորավարժությունները նպաստում են լարվածության սրմանը և հարցականի տակ դնում Ուկրաինայում խաղաղ բանակցությունների գործընթացը։

Հավելենք նաև, որ սա առաջին դեպքը չէր, երբ ռուսաստանյան ինքնաթիռները մոտիկ հեռավորության վրա թռիչքներ էին կատարել ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների ռազմական նավերի մերձակայքում։ Այսպես, 2014-ի ապրիլի ՌԴ զինուժի Սու-24 կործանիչը մի քանի անգամ թռչել էր ցածր բարձրության վրա ամերիկյան զինուժի «Դոնալդ Քուք»  էսկադրոնային ականակիր նավի կողքին, որը ևս Սև ծովում էր նավարկում այդ ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *