Մենք արյունով ու եղունգներով մեր հողը պահելու ենք. սահմանապահ զինծառայող (վիդեո)

Հրետանավոր Գրիգոր Սարգսյանը 21 ամսվա ծառայող է։ Նրան Ռազմինֆոն հանդիպել է Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում։ 

ՊԲ զինծառայող Գրիգոր Սարգսյանը

ՊԲ զինծառայող Գրիգոր Սարգսյանը

—Գրիգո´ր, 21 ամսվա Ձեր ծառայության ձեռքբերումների մասին կպատմե՞ք։

Շատ բան կարող եմ ասել, բայց կոռեկտ կլինեմ։ Այս 21 ամսվա ընթացքում մարդիկ բանակում տեսնում են այն, ինչ քաղաքացիական կյանքում չեն կարող տեսնել։ Տեսնում ենք դժվարություններ, անկումներ, բարձրունքներ, որոնք մարդուն կոփում են ու դարձնում տղամարդ։ Այս 21 ամսվա դպրոցը, որ մենք անցնում ենք զինված ուժերում, ոչ մի տեղ չենք անցնի։ Ես կյանքի շատ մեծ փորձ ձեռք բերեցի։

— Զորամասում Ձեր առաջին օրը հիշո՞ւմ եք։

Առաջին օրն անցավ զարմանքի մեջ։ Ոչինչ չգիտեի ու չէի էլ պատկերացնում, թե ինչ է լինելու։ Հետագայում ամեն ինչ կարգավորվեց։

—Իսկ ի՞նչ պիտի իմանա տղան մինչև բանակ գալը։

Իմանալ չէ, ավելի շատ պիտի ֆիզիկապես կոփված լինես, որ այստեղ կարողանաս դիմադրել դժվարություններին։ Եթե այստեղ ամեն ինչ հեշտ լիներ, չէինք լինի այն, ինչ-որ այսօր կանք։ Պետք է ուղղակի ֆիզիկապես կոփված լինես և զուսպ։

—Ազատ ժամանակն ինչպե՞ս եք տնօրինում։

Շատ գրքեր եմ կարդացել։ Վերջինը կարդացել եմ Պաուլո Կոելյո, իսկ դրանից առաջ Մարկես եմ կարդացել, Էմիլի Բրոնտե, հիմա որ թվեմ, երկար ժամանակ կխլի։

—Զորամասում ստեղծվա՞ծ են բոլոր հնարավորություններն ինքնազարգացմամբ զբաղվելու համար։

Այո´, ունենք գրադարան, որը հենց գումարտակի տարածքում է և կարողանում ենք օգտվել։

—Եթե հնարավորություն ունենայիք բանակում ինչ-որ բան փոխել կամ ավելացնել, ապա ի՞նչ։

Փոխելու բան չկա։ Մենք այսօր այն ենք, ինչ կանք։ Ժամանակի խնդիր է, ու ժամանակի ընթացքում կփոփոխվի այն, ինչ պետք է ու կփոփոխեն նրանք, ովքեր կանգնած կլինեն բանակի գլխին։

Իսկ թե ինչ խորհուրդ է տալիս զինծառայողը թիկունքում գտնվողներին դիտեք տեսանյութում.

Այցելությունն Արցախ կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *