Մեծ Բրիտանիան մտադիր է սպառազինության ընդունել 2 միավոր «Քուին Էլիզաբեթ» (անգլ.՝ Queen Elizabeth) ավիակիրները՝ դրանցից մեկը միշտ մարտական օգտագործման համար պատրաստ պահելու նպատակով։
Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հաղորդում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Քեմերոնը այս մասին հայտնել է սեպտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, ըստ այդմ հաստատելով, որ երկրորդ ավիակիրը, որը կրում է «Փրինս օֆ Ուելս» (անգլերեն՝ Prince of Wales) անունը նույնպես ընդունվելու է սպառազինության։ Վարչապետի հայտարարությունից հետևում է, որ ռազմական գործողությունների թատերաբեմում այդ նավերը մեծացնելու են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հնարավորությունները։
Հետաքրքիրն այն է, որ մինչև վերջերս խոսվում էր, որ սպառազինության է ընդունվելու 65 հազար տոննա ջրատարողությամբ ավիակիրներից միայն մեկը, սակայն կոալիցիոն կառավարությունը նորից քննարկել է այդ հարցն ու հավանության արժանացրել երկուսն էլ սպառազինության։
Տեղեկացնենք, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Շոտլանդիայի «Вabcock Marine» նավաշինական ընկերությունում «Քուին Էլիզաբեթ» (Queen Elizabeth) ավիակրի ջուրն իջեցնելու արարողությունն էր։
Ավիակիրը կառուցվում է դեռևս 2009 թվականից։ Նախատեսված է, որ 2016-ից այն կսկսի փորձարկումներ անցնել։ 2018 թվականին, ինչպես նախապես հայտարարվում է, համալրվելու է հինգերորդ սերնդի F-35B կործանիչներով և CH-47F Chinook ուղղաթիռներով։ Իսկ ահա 2020 թվականին այն վերջապես կազմ պատրաստ կհանձնվի շահագործման։
Հավելենք, որ Մեծ Բրիտանիան 2011 թվականից կառուցում է նաև նմանատիպ երկրորդ նավը՝ «Փրինս օֆ Ուելս» (անգլերեն՝ Prince of Wales)։
Նշենք, որ այս նավը ամենամեծ ավիակիրն է լինելու Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ Ավիակրի կառուցման համար տրամադրվել է 10.6 մլրդ ամերիկյան դոլար։
Ավիակրի ջրատարողությունը 65 հազար տոննա է։ Երկարությունը 284 մետր է, լայնությունը՝ 73, իսկ բարձրությունը՝ 56 մետր։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում քննարկվում էր, թե ինչ է անելու այդքան մեծ ավիակիրը Մեծ Բրիտանիան, երբ ջրային տարածքներում չունի այդքան մեծ գերիշխանություն։ Սակայն բրիտանացիները վստահ են, որ այն ապահովելու է երկրի անվտանգությունն ու կարևոր դեր է ունենալու Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։