Իտալիայի խորհրդարանում քննարկել են F-35 կործանիչներ գնելու նպատակահարմարությունը

Իտալիայի խորհրդարանում 2014-ի սեպտեմբերի 4-ին քննարկման է դրվել հինգերորդ սերնդի՝ ընդհանուր առմամբ 90 միավոր F-35 կործանիչի գնման նպատակահարմարության հարցը, որը երկրի բյուջեից արդեն իսկ խլել է շուրջ 3.5 միլիարդ ամերիկյան դոլար և կպահանջի հավելյալ 17 միլիարդ դոլարի հատկացում։ Այս մասին հայտնում է Defense-Aerospace ռազմական լրատվակայքը։

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Խորհրդարանում նախագծի իրականացման նպատակահարմարությունը միանշանակ չեն ընդունել տարբեր խմբակցությունների պատգամավորները։ Հատկապես ձախակողմյանները կոչ են արել հրաժարվել ծախսատար այդ նախագծից, չնայած նրան, որ ահռելի միջոցներ այդ ուղղությամբ արդեն իսկ ծախսվել են։

Նախ հարկ է եղել վերակառուցել երկրի ռազմական մի շարք օդակայաններ, որպեսզի դրանք կարողանան ընդունել հինգերորդ սերնդի կործանիչները։ Շուրջ 114 միլիոն դոլար է անհրաժեշտ նաև Իտալիայի ռազմածովային ուժերի Կավուր (Cavour) ավիակրի արդիականացման համար, ինչից հետո միայն այն կկարողանա իր տախտակամածին ընդունել F-35 կործանիչները։

Նշենք, որ Իտալիան նախատեսում է 90 միավոր F-35 կործանիչներից 75-ով համալրել ռազմաօդային, իսկ մյուս 15-ով՝ ռազմածովային ուժերի ավիապարկը։

Հավելենք նաև, որ F-35 կործանիչները նախագծած ամերիկյան Lockheed Martin ընկերությունը պատրաստվում է արտադրել ինքնաթիռի շուրջ 3000 օրինակ, որոնցից ավելի քան 2 400-ի պատվիրատուն Միացյալ Նահանգներն է։ Օտարերկրյա գնորդների ցանկում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան և այլ երկրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *