ՄիԳ-31 կործանիչների թռիչքները ՌԴ-ում վերականգնված են

Սեպտեմբերի 4-ին ՌԴ ռազմաօդային ուժերի ՄիԳ-31 կործանիչի՝ Արմավիրում արձանագրված վթարի հետևանքով այս կործանիչների կասեցված թռիչքներն արդեն վերականգնվել են։

ՄիԳ-31

ՄիԳ-31

Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդել է ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարյովը՝ հավելելով, որ այս ընթացքում համապատասխան պրոֆիլակտիկ գործողություններ են կատարել, ուստի ինքնաթիռները կարող են կրկին թռիչքներ իրականացնել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինուժին պատկանող ՄիԳ-31 կործանիչը վթարի էր ենթարկվել սեպտեմբերի 4-ին ուսումնական թռիչք կատարելիս ՌԴ-ի տարածքում՝ Արմավիր քաղաքի մերձակայքում։ Երկու օդաչուներն էլ կատապուլտով դուրս էին եկել, զոհեր և տուժածներ չկան։ Վայրէջք կատարելու ժամանակ անձնակազմի հրամանատարը հաղորդել էր, որ շասսին չի բացվում։ ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքերի՝ թռիչքն իրականացվել էր առանց զինամթերքի։ Ներկայումս ՌԴ ՌՕՈւ ՀՕՊ ստորաբաժանումների հանձնաժողովը պարզում է միջադեպի հանգամանքները։

Հավելենք, որ դեռևս 2013-ի դեկտեմբերի 14-ին ՌԴ ՌՕՈւ ՄիԳ-31 կործանիչն ընկել էր Պրիմորիե շրջանում, օդաչուները փրկվել էին։ Այս միջադեպից հետո որոշ ժամանակով կասեցվել էին նման ինքնաթիռների թռիչքները։

ՄիԳ-31 ինքնաթիռը ստեղծվել է 1970-ականների կեսին։ Այն տրամադրվել է ԽՍՀՄ ՌՕՈւ-ին 1981-ին։ 1994-ին ինքնաթիռների սերիական արտադրությունը կասեցվել է։ Ներկա դրությամբ Ռուսաստանի ԶՈւ-ն ունի 190 միավոր այդպիսի ինքնաթիռ, որոնց մի մասը պետք է արդիականացվի մինչև ՄիԳ-31ԲՄ տարբերակի։ Մինչև 2020-ը նախատեսվում է արդիականացնել 60 միավոր ՄիԳ-31։

ՄիԳ-31-ը բացում է մինչև 3000 կմ/ժ արագություն, թռիչքի առաստաղը՝ 20 600 մ, մարտական ազդեցության շառավիղը 720 կմ է։ Ունակ է թիրախներ հայտնաբերել մինչև 280 կմ-ի վրա, զինված է 23 մմ տրամաչափի հրանոթով։ Այս կործանիչը նախատեսված է փոքր, միջին և մեծ թիրախների ոչնչացման համար։ Կարողանում է աշխատել կեղծ թիրախների և հակառակորդի ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ռադիոխանգարումների պայմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *