Սեպտեմբերի 3-ին Զիմբաբվեում վթարի է ենթարկվել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող SF260 ուսումնամարտական ինքնաթիռը։
Այս մասին հաղորդում է Newzimbabwe.com լրատվական կայքը։ Ըստ աղբյուրի՝ 2 օդաչուներն էլ մահացել են, քաղաքացիական անձինք ևս վթարի հետևանքով չեն տուժել։ Զիմբաբվեի ՌՕՈւ-ն հանձնաժողով է կազմել, որը զբաղվելու է միջադեպի հանգամանքների հետաքննությամբ։ Զիմբաբվեի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Փերենս Շիրին իր ցավակցությունն է հայտնել մահացած օդաչուների հարազատներին։
Նկատենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 7-ին, Զիմբաբվեում կայացել է Big African Air Show ավիացիոն միջազգային ցուցադրությունը, որին էլ թերևս պետք է մասնակցեր վթարի ենթարկված ինքնաթիռը։
SF.260M ուսումնամարտական ինքնաթիռն արտադրվում է SIAI-Marchetti, Alenia Aermacchi իտալական ընկերությունների կողմից։ Առաջին թռիչքը կատարել է 1964-ին, սկսել են շահագործել 1966-ից։ Անձնակազմը 1 հոգի է, կարող է տեղափոխել 2 ուղևորի, երկարությունը՝ 7.1 մ, թևերի բացվածքը՝ 8.35 մ, բարձրությունը՝ 2.41 մ, զանգվածը՝ 1100 կգ, առավելագույն արագությունը՝ 441 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2050 կմ։ Այն շահագործվում է հիմնականում աֆրիկյան երկրներում, մասնակցել է ամենատարբեր ռազմական գործողությունների Թուրքիայի, Բելգիայի, Իտալիայի, Լիբիայի, Մեքսիկայի, Ինդոնեզիայի, Վենեսուելայի, ԱՄԷ-ի օդուժի կազմում։