ՌԴ-ում ստեղծված նոր հետախուզական-հարվածային «Չիրոկ» անօդաչու թռչող սարքի փորձարկումները մեկնարկելու են 2015-ին։ Այս պահին ՌԴ-ն ունի սույն անօդաչուի 3 թռիչքային նմուշ։
Այս մասին ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Մոսկվայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտի գլխավոր տնօրեն Յուրի Նևզորովը։ Նրա խոսքերով՝ «Չիրոկը» ցուցադրական թռիչքներ է կատարելու նաև 2015-ին Ժուկովսկում կայանալիք միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին։ Նևզորովը շեշտել է, որ անօդաչուն նախատեսում են ապագայում օգտագործել որպես կրիչ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համար։
«Չիրոկը» կշռում է 700 կգ և կարող է օդ բարձրացնել մինչև 300 կգ-անոց բեռ: Նախագծողների հավաստիացմամբ, այն կարող է համալրվել նաև սպառազինությամբ՝ այդ թվում ռումբերով և տարբեր նշանակության հրթիռներով: ԱԹՍ-ի թռիչքի առաստաղը 6 000 մետր է, իսկ հեռավորությունը՝ 2 500 կմ: Առաջին անգամ անօդաչուն ցուցադրվել է 2014-ի հուլիսի 9-ին Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Իննոպրոմ» ցուցահանդեսի ժամանակ։
Pingback: Ռուսաստանում ստեղծելու են անօդաչուների համար նախատեսված զորավարժարաններ | Ռազմ.info