Արաբական երկրների լիգան ծրագրել է համատեղ գործողություն Իրաքի զինյալների դեմ

Արաբական երկրների լիգայի կազմում ընդգկրված պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Կահիրեում կայացած քննարկումներից հետո որոշել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ։

Արաբական երկրների լիգայի նիստը Կահիրեում

Արաբական երկրների լիգայի նիստը Կահիրեում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ընդունված բանաձևում կոչ է արվում գործուն քայլեր իրականացնել դադարեցնելու համար Իրաքում և Սիրիայում գործող իսլամիստական խմբավորումների ֆինանսական աջակցության հոսքը, ինչպես նաև խոչընդոտել արտասահմանից նշված երկրներ ժամանող զինյալների շարժը։

Նշենք, որ ավելի վաղ պաշտոնական Բաղդադը բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որի համաձայն՝ «Իսլամական պետության» գործողությունները ստանում են «ռազմական հանցագործության» ու «մարդկության դեմ հանցագործության» որակավորում, իսկ Իրաքի կառավարության ձեռնարկած ու ձեռնարկելիք ցանկացած քայլ այս խմբավորման դեմ աջակցություն է ստանում արաբական երկրների կողմից։

Նկատենք, որ դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ բանաձևի ընդունմանը նախորդած քննարկումների սկզբում Արաբական լիգայի երկրները որոշել էին աջակցել նաև ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրաքի տարածքում, սակայն բանաձևի վերջնական տարբերակում այդ մասին ուղիղ խոսք չկա, միայն շեշտված է, որ Արաբական լիգայի երկրները պետք է համագործակցեն ԱՄՆ-ի ու Իրաքի կառավարության հետ զինյալների դեմ պայքարում։ Որոշ փորձագետներ սա որակում են որպես լուռ համաձայնություն Իրաքի տարածքում ԱՄՆ-ի ձեռնարկած գործողություններին։

Լիգայի ղեկավար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է, որ ահաբեկիչների դեմ համատեղ ռազմական գործողությունն իրականացվելու է հենց լիգայի գլխավորությամբ՝ պաշտպանության կնքվելիք համատեղ դաշնագրի շրջանակներում։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Շեշտենք միայն, որ իսլամիստների դեմ գործարկվելիք հստակ քայլերի հաջորդականություն, հստակ ժամկետներ չեն նշվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ներկայացրել է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ստեղծման նախագիծ։ Նա ընդգծել է, որ միջամտությունը դարձել է բացարձակ անհրաժեշտություն իսլամիստների առաջխաղացումը կասեցնելու համար։ Ուշագրավ է սակայն, որ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են՝ Իրաքում այլ ուժերի հետ համատեղ գործելու ծրագրեր չունեն, չեն պատրատվում համագործակցել Իրանի հետ Իրաքի տարածքում իսլամիստների դեմ պայքարում։ Իր հերթին Իրաքի կառավարությունն արդեն ողջունել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը։

Հավելենք, որ օրերս հայտնի է դարձել՝ ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներ է հասցրել այս անգամ Իրաքի հյուսիսում ահաբեկիչների պատսպարաններին՝ հայտարարելով, թե ավիահարվածներն իրականացվել են Իրաքի կառավարության խնդրանքով։ Այս հարվածների հիմնական նպատակն էր չթողնել զինյալներին գրավել Հադիթ քաղաքի հիդրոէլեկտրակայանը։ ԱՄՆ գործողություններին ի պատասխան՝ իսլամիստները մահապատժի էին ենթարկել ամերիկացի 2 լրագրողի։

Բացի այդ, Կանադայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյոսն Մաքդոնալդի խոսքերով՝ Կանադան նախատեսում է հատուկ նշանակության ծառայության անդամների ուղարկել Իրաք՝ ԱՄՆ-ի գործողություններին սատարելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ կանադացի զինծառայողները թիվը 50-100 է լինելու, առաջիկայում առավել հստակ տեղեկություններ կհրապարակեն թեմայի առնչությամբ։

«Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորումը 2014-ի հունիսի սկզբին սկսել էր Իրաքի հյուսիսային ու արևմտյան հատվածների խոշոր քաղաքների գրավման գործընթացը։ Նրանց հաջողվել էր հանկարծակի գրոհների արդյունքում իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաքներ. հունիսի 10-ին նրանք գրավել էին Մոսուլը, ապա՝ հունիսի 11-ին՝ Տիգրիտը, մի քանի օր անց մոտեցել էին մայրաքաղաք Բաղդադին։

Նշենք նաև, որ օգոստոսի 15-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որի համաձայն պատժամիջոցներ են կիրառվելու Իրաքում ու Սիրիայում մարտնչող «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորումների անդամների և նրանց հետ առնչություն ունեցողների դեմ։ Այդ ցուցակում դեռևս ընդգրկված են 6 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *