Սեպտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի նախագահությամբ անցկացվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության զորամասերի հոգևոր սպասավորների գործունեության եռամսյակի ամփոփիչ հաշվետու ժողովը:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, այնուհետև «Հավատք, գաղափարախոսություն և բարոյականություն» թեմայով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ և վարող Բաբկեն Վարդանյանը:
Վրթանես եպս. Աբրահամյանն իր շնորհակալությունը հայտնեց նաև «Հայաստանի Աստվածաշնչային ընկերության» քարտուղար Արշավիր Գաբուջյանին՝ զինվորների համար նախատեսված մեծաքանակ «Զինվորի աղոթագիրք», «Զինվորի Աստվածաշունչ» և «Նոր Կտակարան» տրամադրեու համար:
Անդրադարձ եղավ նաև հոգևոր սպասավորների հունիս-սեպտեմբեր եռամսյակում կատարած աշխատանքների հաշվետվություններին և քննարկվեցին առաջիկա եռամսյակում կատարվելիք աշխատանքների մասին: Սրբազան Հայրը լավագույն ծառայության համար Կորպուսի պատասխանատու Բարեշնորհ Հրայր սարկավագ Լալայանին փոխանցեց ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից տրված «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալը, իսկ Պաշտպանության բանակի 6-րդ ՊՇ-ի նախկին հոգևոր սպասավոր Բարեշնորհ Ավետիս սարկավագ Ասատրյանին փոխանցեց Արցախի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից Գիր Գնահատանքը՝ Օրհնության գիրը:
Սրբազան Հոր կողմից զորամասերի հոգևոր սպասավորների միջոցով Օրհնության գրեր փոխանցվեց 4 բարձրաստիճան զինվորականների, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության պաշտոնական կայքը: