Աֆղանստանում վնասազերծել են 19 զինյալի

Աֆղանստանում հակաահաբեկչական մի շարք գործողությունների հետևանքով օրերս ոչնչացրել են «Թալիբան» խմբավորման անդամ 19 զինյալի։  Այս մասին հաղորդում է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ հատուկ գործողություններ են իրականացվել Քանդահար, Ուրուզհան, Զաբուլ, Բահլան, Լահման ու Հիլմենդ նահանգներում։ Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 5 զինյալներ։ Բացի այդ, գործողությունների ընթացքում ոստիկանության ուժերը հայտնաբերել և առգրավել են զինյալների մոտ պահվող պայթուցիկի մեծ քանակություն, որը վերջիններս ծրագրել էին կիրառել առաջիկայում ահաբեկչական գործողությունների ժամանակ վերոհիշյալ նահանգներում։

Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերի 4-ին «Թալիբանի» զինյալները հարձակվել էին Աֆղանստանի արևելյան Ղազնի քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել էր 25 հոգի, որից 13-ը զինյալներ էին, տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել 80-ը։

ԱՄՆ-ն ու վերջինիս դաշնակիցները 2001-ից Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման դեմ, որն էլ իր հերթին ձգտում է միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Այս պայքարի արդյունքում երկրում պարբերաբար արձանագրվում են ահաբեկչություններ։

Նկատենք, որ միջազգային խաղաղապահ ուժերը պետք է որ Աֆղանստանում մնան մինչև 2014-ի վերջը: Ապա դրանք դուրս են բերվելու, և երկրում մնալու է ամերիկացի տեսուչների ու հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչների փոքրաթիվ խումբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *