Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո)

Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին:Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Ուելսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցում է նաև պաշտպանության նախարարը:

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում

-Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի օգոստոսի 1-ից 31-ն ունեցել է 4 զոհ և 7 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 3-ով։ 2014 թվականի օգոստոս ամսվա 4 կորուստներից 3-ը մարտական են, 1-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստները գրանցվել են Պաշտպանության բանակում, իսկ ոչ մարտականը՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

-ՀՀ Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից հատվածում ականի պայթյունից վնասվածքներ է ստացել զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 47-ամյա լեյտենանտ Վարդան Ավագյանը: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, գտնվում է Բերդ քաղաքի հոսպիտալում:

-Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

-ՀՀ նախագահը մասնակցել է սեպտեմբերի 4-ին կայացած ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: Այն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Ուելսում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

-Սեպտեմբերի 1-ին Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել օրերս Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած զինծառայողներին: Նախարարը զրուցել է վիրավոր զինծառայողների և բժիշկների հետ, հետաքրքրվել բուժման հետագա ընթացքով և առողջություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:

-Սեպտեմբերի 3-ին Հայաստանի բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում մեկնարկել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունը։ Սեպտեմբերի 5-ին կայացած եզրափակիչ փուլի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

-Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

-ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է բռնցքամարտիկ, թեթև քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանին: Պաշտպանության նախարարը ողջունել է չեմպիոնուհուն և շնորհակալություն հայտնել միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար:

-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ անցած անձի տվյալներն ու լուսանկարը։ Ադրբեջանի ՊՆ կայքի հաղորդագրությանը՝ 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը ներկայումս բժիշկների վերահսկության ներքո է։ Երևանի ԿԽՄԿ-ն սեպտեմբերի 2-ին դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Անանյանին տեսակցելու նպատակով։

-Սեպտեմբերի 5-ին ժամը 18։10-ի սահմաններում շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ Արցախի սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերավերվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն։  Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել Արցախի համապատասխան ծառայություններին։

-Օգոստոսի 16-ից 31-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ մասնակցել է Ղրղզստանում կայացած «Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *