Անցյալ տարվա հետ համեմատած Հյուսիսային Կովկասում 20%-ով նվազել են ահաբեկչական գործողությունները։ Այդ մասին Գրոզնիում խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ ՆԳ նախարարի պաշտոնակատար Ռաշիդ Նուրգալիևը։
Նուրգալիևի խոսքերով այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում գրանցվել է ահաբեկչական 93 դեպք, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 118։ Հիմնականում նվազել են կրակոցներն ու պայթյունները։
Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում (ՀԿԴՇ) զինված դիմադրություն ցուցաբերելու ժամանակ մինչ օրս ոչնչացվել է 139 զինյալ, այդ թվում՝ խմբավորման 16 առաջնորդ, ձերբակալվել՝ անօրինական զինված կազմավորումների 161 անդամ։
Իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ոչնչացվել են ահաբեկիչների 38 բազա և սպառազինության 99 թաքստոց, առգրավվել 26 նռնականետ, 681 հրազեն, ավելի քան 1,5 հազար արկ և ական։