Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո)

2014-ի օգոստոսյան կորուստները։ Իլհամ Ալիևն ու Զաքիր Հասանովը՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Ադրբեջանը մասնակցելու է մի շարք միջազգային զորավարժությունների։ Ֆրանսիայի ու Ադրբեջանի բանակցությունները հետախուզական արբանյակի կառավարման շուրջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 25 զոհի և 17  վիրավորի մասին։

Ադրբեջանի առափնյա անվտանգության ծառայության համար ադրբեջանական Թյուրքան ավանում իսրայելական Israel Shipyards ընկերությունը հավաքում է 6 միավոր Shaldag Mk V պարեկային կատեր և 6 միավոր Saar 62 հրթիռային կատեր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 3-ին, աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է Ուելսում ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր 52 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։

Սույն թվականի սեպտեմբերի 16-26-ն Ուկրաինայի արևմոտքում կայանալու են ՆԱՏՕ-ի «Արագ եռաժանի-2014» (Rapid Trident-2014 ) զորավարժություններ, որոնց մասնակցելու են նաև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները։

Վրաստանի հարավում տեղակայված Յալղուջա զորավարժարանում սեպտեմբերի 5-ին կայանալու են «Անվտանգ Կովկաս-2014» միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են Վրաստանի ՆԳՆ, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարության, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության անդամները, ինչպես նաև բրիտանական British Petrolium, BRIGGS և Energy Invest ընկերությունների ներկայացուցիչները։

2014-ի սեպտեմբերի 5-13-ն ընկած ժամանակահատվածում Ֆինլանդիայի Էկենես քաղաքում կայանալու են ՆԱՏՕ-ի NOCO-2014 միջազգային զորավարժություններ, որոնց մասնակցելու են այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Ֆրանսիական Airbus Defence and Space ընկերության և ադրբեջանական «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի բանակցություններն ադրբեջանական կողմին SPOT-7 հետախուզական արբանյակի կառավարումը հանձնելու ուղղությամբ ավարտին են մոտենում։

Ադրբեջանում հայտնի ռազմական փորձագետ, լրագրող, վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարության դեմ ուղղված քննադատություններով աչքի ընկնող Ուզեիր Ջաֆարովին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը պախարակել է «բանակի դեմ գործունեություն ծավալելու համար»։ Ջաֆարովն իր սոցցանցային էջերից մեկում  հայտարարել է, որ իրեն կարող են ձերբակալել։

Օրերս Ադրբեջանում՝ Գյանջայի (Գանձակի) օդակայանում ձերբակալել են Սիրիայում Բաշար Ասադի համախոհների դեմ մարտնչող խմբավորումներին անդամակցած, Բաքվի բնակիչ, 1988-ին ծնված Մարդանով Մաարիֆ Իրշադ օղլուին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջիկայում նախատեսում է սահմանել հավատագրման համակարգ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների համար։ Ակնկալվում է հատուկ լրագրողական այցերի կազմակերպում դեպի առաջնագիծ։

 Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *