ՆԱՏՕ-ն ցանկանում է ԵՍԶՈՒՊ շրջանակներում վերսկսել համագործակցությունը Ռուսաստանի հետ

Եթե Մոսկվան կրկին սկսի լիովին կատարել իր պարտականությունները, որոնք նախատեսված են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով (ԵՍԶՈՒՊ), ապա ՆԱՏՕ-ն պատրաստ է պայմանագրի շրջանակներում վերսկսել Ռուսաստանին տեղեկություններ տրամադրել: Այս մասին նշվում է Չիկագոյում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդունած հռչակագրում:

«ԵՍԶՈՒ պայմանագրով ՆԱՏՕ-ի գործընկերները հիշեցնում են, որ 2011թ. նոյեմբերին իրենց կողմից՝ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի հանդեպ մի շարք պարտավորություններից հրաժարումը կարող է վերանայվել, եթե Ռուսաստանը սկսի լիովին կատարել պայմանագրով նախատեսված պահանջները»,-նշվում է փաստաթղթում:

Բացի այդ, անդամ-երկրները հավաստիացրել են, որ մտադրված են «վերահսկել, ամրապնդել և կատարելագործել Եվոպայում սովորական զինված ուժերի հսկման ռեժիմը»: Դաշինքի անդմաները նշել են, որ այս ուղղությամբ նոր առաջարկների քննարկման կողմնակից են:

Ռուսաստանը 2007թ. հրաժարվեց ԵՍԶՈՒ պայմանագրի շրջանակներում տվյալներ տրամադրել՝ պատճառաբանելով, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամները չեն միացել պայմանագրին, իսկ մյուսները միացել են, բայց չեն վավերացրել այն: 2011թ. նոյեմբերին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որոշեցին դադարեցնել Ռուսաստանի հետ սպառազինության վերաբերյալ տվյալների փոխանակումը, որը նախատեսված է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *