Հոկտեմբերին ՌԴ Կասպյան նավատորմիղը Ղազախստանի ՌԾՈւ-ի հետ վարժանքներ է անցկացնելու

ՌԴ Կասպյան նավատորմի «Դաղստան» ու «Գրադ Սվիյաժսկ» հրթիռային նավերը 2014-ի հոկտեմբերին համատեղ զորավարժություններ են անցկացնելու Ղազախստանի ռազմածովային ուժերի նավերի հետ՝ կայանելով Ադրբեջանի, Իրանի ու Ղազախստանի նավահանգիստներում։

«Դաղստան» հրթիռային նավ

«Դաղստան» հրթիռային նավ

Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։ Ըստ աղբյուրի՝  նշված 3 Կասպյան երկրների նավահանգիստներ այցերը նպատակ ունեն ամրապնդել «բարեկամական հարաբերությունները»։ Այցերն իրականացվելու են 20 օրվա ընթացքում։

Համաձայն աղբյուրի՝  ՌԴ Կասպյան նավատորմի հրթիռային նավերի պատվո պահակախումբը և զինվորական նվագախումբը հատուկ պատրաստվում են այցերի ընթացքում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար, իսկ անձնակազմերը՝ նավերում ճանաչողական էքսկուրսիա անցկացնելու։ Հայտնի է նաև, որ ղազախական Ակտաու նավահանգիստ այցի ընթացքում արդեն ծրագրված են Ղազախստանի ՌԾՈւ-ի հետ համատեղ վարժանքներ։ Կասպյան նավատորմի նավերն ընդհանուր առմամբ անցնելու են մոտ 1500 մղոն տարածություն։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *