Սինգապուրը հանդիսավոր ներկայացրեց իր M-346 Master ինքնաթիռները

Սինգապուրը պաշտոնապես ներկայացրել է lenia Aermacchi M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռը, որը կիրառվելու է Ֆրանսիայում տեղակայված ռազմաբազայում։

M-346 Master

M-346 Master

Սեպտեմբերի 3-ին կայացած հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հենը, ով նշել է, որ իրենք ստացել են պատվիրած բոլոր 12 ինքնաթիռները, որոնք էլ տեղակայվելու են ֆրանսիական Կազո ավիաբազայում, որտեղ էլ ուսումնական թռիչքներ են կատարելու սինգապուրցի օդաչուները, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Սինգապուրը M-346 Master ինքնաթիռներով փոխարինել է McDonnell Douglas A-4SU Skyhawks ինքնաթիռները, որոնք համարում է հնացած։

Alenia Aermacchi (Ալենիա Աերմակի) ընկերության M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռի առավելագույն արագությունն է 1050 կմ/ժ, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 1900 կմ։ Ունի 9 կախման կետ՝ մինչև 3 տոննա սպառազինության համար։ Առաջին թռիչքը կատարել է 2004 թվականին։

M-346 ինքնաթիռներ ունեն Իտալիայի և Սինգապուրի ռազմաօդային ուժերը, իսկ Իսրայելը պատվիրել է 30 միավոր M-346 ինքնաթիռ, որոնք ստացել են Lavi (Լավի, թարգմանաբար՝ առյուծ) անվանումը։ Ինքնաթիռներից առաջին երկուսն այս տարվա հուլիսին փոխանցվել են իսրայելցիներին։ Օրերս Լեհաստանում մեկնարկել է նաև այս ինքնաթիռի առաջին օրինակի հավաքում, որը նախատեսված է լեհական օդուժի համար։

M-346-ի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև ռուսաստանյան Յակովլևի գործարանը (Յակ-130 ինքնաթիռի լուծումներով), որը, սակայն, ընթացքում դուրս է եկել նախագծից։

Հավելենք, որ Սինգապուրն իր ռազմաօդային ուժերի մի մասը տեղակայում է կղզի-պետության տարածքից դուրս, օրինակ, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում։ Հիմնականում այս բազաներում սինգապուրցիներն ուսուցում են անցնում և ուսումնական թռիչքներ են իրականացնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *