Չինաստանում մեկնարկել է տեղական նախագծման Y-20 բեռնատար ինքնաթիռի փորձարկումների 2-րդ փուլը, որի ընթացքում ստուգվելու են բորտ-էլեկտրոնային և նավիգացիոն համակարգերի, ռադիոտեղորոշիչ կայանի և ավտոպիլոտի աշխատանքի անխափանությունը։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։
Ներկայումս Չինաստանում փորձարկվում է տեղական նախագծման տրանսպորտային մի քանի ինքնաթիռ, սակայն Y-20-ը դրանց շարքում խոշորագույնն է։
Փորձարկումների ներկա փուլում գոհացնող արդյունքներ գրանցելու դեպքում Y-20-ին սպասվում է երրորդ՝ վերջին փուլը, որի ընթացքում բեռնատար ինքնաթիռը պետք է դրսևորի իր կարողությունները եղանակային տարբեր պայմաններում՝ ներառյալ ջերմաստիճանի տատանումներն ու օդի հարաբերական խոնավության բարձր աստիճանը։ Երրորդ փուլի ընթացքում կստուգվի նաև Y-20 բեռնատար ինքնաթիռի ունակությունը թռիչք ու վայրէջք կատարել հիմնահողային ծածկույթով թռիչքուղիներից։
Նշենք, որ ինքնաթիռի մարտավարատեխնիկական տվյալների մասին ստույգ և ամբողջական տվյալներ դեռևս հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ այն կկարողանա զարգացնել մինչև 830 կմ/ժ առավելագույն արգություն, փոխադրել մինչև 66 տոննա զանգվածով բեռ և մեկ լիցքավորմամբ անցնել 4400 կմ հեռավորություն։ Ինքնաթիռի թռիչքի առաստաղը մոտ 13 000 մետր է։
Հավելենք, որ Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի տված գնահատականով, երկրի ռազմաօդային ուժերն ունեն շուրջ 400 միավոր Y-20 բեռնատար ինքնաթիռի կարիք։