ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին Էստոնիա կատարած մեկօրյա այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ռազմակայան են տեղակայելու Էստոնիայի «Ամարի» ռազմածովային կայանում։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիքն էլ իր հերթին արձագանքել է, որ ռազմակայանի տեղակայումը «կլինի լավագույն միջոցը տարածաշրջանում ցանկացած պոտենցիալ ագրեսորին զսպելու համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էստոնիայի կառավարությունը բազմիցս հայտարարել էր իր տարածքում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնման մասին։ Այսպես, սեպտեմբերի 2-ին Իլվեսն Օսլո կատարած պաշտոնական այցի ժամանակ շեշտել է, որ Էստոնիայում պետք է ստեղծվեն Հյուսիսատլանտյան դաշինքի մշտական ռազմակայաններ։ Փորձագետների կարծիքով՝ դա անուղղակի կերպով սպառնալիք է Ռուսաստանին։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կայանալու է սեպտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ուելսում:
Օրակարգում լինելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Իրաքում ու Աֆղանստանում ներքին լարված իրադրությունը: Չի բացառվում, որ գագաթաժողովի ընթացքում հաստատվի արագ արձագանքման ուժերի ստեղծման նախագիծը, որոնց հիմնական առաքելությունը լինելու է ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների «դեմ ուղղված քայլերի զսպումը»: Գագաթաժողովին մասնակցելու են նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները։