ՌԴ-ում ՄիԳ-31 կործանիչ է վթարի ենթարկվել. զոհեր չկան

Ռուսաստանի զինուժին պատկանող ՄիԳ-31 կործանիչը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչք կատարելիս ՌԴ-ի տարածքում՝ Արմավիր քաղաքի մերձակայքում։ Երկու օդաչուներն էլ կատապուլտով դուրս են եկել, զոհեր և տուժածներ չկան։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ»  լրատվական գործակալությունը, վթարն արձանագրվել է վաղ առավոտյան։ Վայրէջք կատարելու ժամանակ անձնակազմի հրամանատարը հաղորդել է, որ շասսին չի բացվում։ Մի քանի անհաջող փորձերից հետո վերջինս հանձնարարել է ինքնաթիռն ուղղել չբնակեցված անվտանգ մի վայր ու կատապուլտով դուրս գալ։ Օդաչուներին այս պահին տեղափոխել են ՌՕՈւ կայան։

Նշենք, որ ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքերի՝ թռիչքն իրականացվել է առանց արկերի։ Ներկայումս ՌԴ ՌՕՈւ ՀՕՊ ստորաբաժանումների հանձնաժողովը պարզում է միջադեպի հանգամանքները։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի դեկտեմբերի 14-ին ՌԴ ՌՕՈւ ՄիԳ-31 կործանիչն ընկել էր Պրիմորիե շրջանում, օդաչուները փրկվել էին։ Այս միջադեպից հետո որոշ ժամանակով կասեցվել էին նման ինքնաթիռների թռիչքները։

ՄիԳ-31 ինքնաթիռը ստեղծվել է 1970-ականների կեսին։ Այն տրամադրվել է ԽՍՀՄ ՌՕՈւ-ին 1981-ին։ 1994-ին ինքնաթիռների սերիական արտադրությունը կասեցվել է։ Ներկա դրությամբ Ռուսաստանի ԶՈւ-ն ունի 190 միավոր այդպիսի ինքնաթիռ, որոնց մի մասը պետք է արդիականացվի մինչև ՄիԳ-31ԲՄ տարբերակի։ Մինչև 2020-ը նախատեսվում է արդիականացնել 60 միավոր ՄիԳ-31։

ՄիԳ-31-ը բացում է մինչև 3000 կմ/ժ արագություն, թռիչքի առաստաղը՝ 20 600 մ, մարտական ազդեցության շառավիղը 720 կմ է։ Ունակ է թիրախներ հայտնաբերել մինչև 280 կմ-ի վրա, զինված է 23 մմ տրամաչափի հրանոթով։ Այս կործանիչը նախատեսված է փոքր, միջին և մեծ թիրախների ոչնչացման համար։ Կարողանում է աշխատել կեղծ թիրախների և հակառակորդի ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ռադիոխանգարումների պայմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *