Լեհաստանում սկսել են իտալական Alenia Aermacchi նախագծով M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռի առաջին օրինակի հավաքման աշխատանքները։
Alenia Aermacchi-ի լեհաստանյան գործարանում հավաքվող ինքնաթիռը նախատեսված է Լեհաստանի ռազմաօդային ուժերի շարքերը համալրելու համար։ Լեհական զինուժը ձեռք է բերելու 8 միավոր ինքնաթիռ, վարժասարքեր, ինչի համար էլ վճարելու է շուրջ 383 մլն ամերիկյան դոլար։ Համապատասխան պայմանագիրը կողմերը կնքել էին 2014 թվականին։Գործարքի հաջող կատարման դեպքում լեհերը կարող են հավելյալ 4 ինքնաթիռ գնել։
Սպասվում է, որ Լեհաստանում հավաքված առաջին M-346 Master-ը պատրաստ կլինի 2016 թվականի աշնանը, տեղեկանցում է Flightglobal լրատվակայքը։
M-346 Master-ով Լեհաստանում փոխարինելու են արդեն հնացած համարվող TS-11 Iskra ինքնաթիռները, որոնք արտադրում էր տեղական PZL Mielec ընկերությունը։
Alenia Aermacchi (Ալենիա Աերմակի) ընկերության M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռի առավելագույն արագությունն է 1050 կմ/ժ, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 1900 կմ։ Ունի 9 կախման կետ՝ մինչև 3 տոննա սպառազինության համար։ Առաջին թռիչքը կատարել է 2004 թվականին։
M-346 ինքնաթիռներ ունեն Իտալիայի և Սինգապուրի ռազմաօդային ուժերը, իսկ Իսրայելը պատվիրել է 30 միավոր M-346 ինքնաթիռ, որոնք ստացել են Lavi (Լավի, թարգմանաբար՝ առյուծ) անվանումը։ Ինքնաթիռներից առաջին երկուսն այս տարվա հուլիսին փոխանցվել են իսրայելցիներին։
M-346-ի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև ռուսաստանյան Յակովլևի գործարանը (Յակ-130 ինքնաթիռի լուծումներով), որը, սակայն, ընթացքում դուրս է եկել նախագծից։
Pingback: Սինգապուրը հանդիսավոր ներկայացրեց իր M-346 Master ինքնաթիռները | Ռազմ.info