Ադրբեջանում հայտնի ռազմական փորձագետ, լրագրող, վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարության դեմ ուղղված քննադատություններով աչքի ընկնող Ուզեիր Ջաֆարովին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը պախարակել է «բանակի դեմ գործունեություն ծավալելու համար»։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը։
Նշենք, որ Ջաֆարովն իր սոցցանցային էջերից մեկում հայտարարել է. «Արդեն մի քանի օր է, ինչ պետական կառույցներից ես սպառնալիքներ ու տեղեկություններ եմ ստանում, որ ինձ ձերբակալելու որոշումն արդեն կայացված է։ Նախապես ցանկանում եմ ասել, որ ինձ ուղղված բոլոր մեղադրանքներն իրականության հետ առնչություն չունեն»։
Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 22-ին Ջաֆարովին կանչել էին Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունների գծով հետաքննական վարչություն՝ այսպես կոչված «հայկական գործի» շրջանակներում հարցաքննվելու։ Ադրբեջանում «հայկական գործ» են որակում 2014-ի ապրիլի 19-ին պետական դավաճանության հոդվածով ձերբակալված հայտնի լրագրող, հայ-ադրբեջանական համատեղ ծրագրերի ակտիվ մասնակից Ռաուֆ Միրկադիրովի գործը։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել 2008-ի ապրիլից «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և գաղտնի փաստաթղթեր տրամադրելու» համար։
Հավելենք, որ Ուզեիր Ջաֆարովը դեռևս 2013-ի հուլիսի սկզբներին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ 2007-ին Ադրբեջանի ՊՆ գնդապետներից մեկի դեմ հդոված գրելուց հետո ծեծի ենթարկվելու գործի առնչությամբ:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info