Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը փոխանցել է, որ Պորոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Դոնբասում կրակի դադարեցման մասին։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Փոխհամաձայնություն է ձեռք բերվել այն քայլերի ուղղությամբ, որոնք նպաստելու են խաղաղության հաստատմանը»։
Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարի 22-ին, Ուկրաինայում Մայդանի հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն եղավ. Գերագույն ռադան գահընկեց արեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նրա պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Տուրչինովը։
2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմն անջատվեց Ուկրաինայից և գերադասեց մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Հանրաքվեից երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով կարգադրեց ներառել արդեն անկախացած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմի մեջ։ Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հանրաքվեն վավեր չեն ճանաչում մինչ օրս։ Հանրաքվեից հետո ՌԴ-ի դեմ միջազգային մակարդակով պատժամիջոցներ են սահմանվել։
Բացի այդ, Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից բախումներ են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014-ի ապրիլի կեսերից մինչ օրս Ուկրաինայի տարածքում սպանվել են ավելի քան 2.5 հազար խաղաղ բնակիչներ, վիրավորվել են 6 հազարը։