Սինգապուրը ժամանակավորապես դադարեցրել է F-16D կործանիչների թռիչքները

Սինգապուրի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ Արիզոնա նահանգի ավիաբազաներից մեկում կայանած իր F-16D կործանիչների շահագործումը։ Պատճառը օդաչուական խցիկի ապակու վրա առաջացած ճաքերն են, որոնք հայտնաբերվել են միանգամից մի քանի ինքնաթիռի վրա։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

F-16 Fighting Falcon կործանիչը

F-16 Fighting Falcon կործանիչ

Ստույգ հայտնի չէ, թե քանի միավոր կործանիչի մասին է խոսքը, սակայան որոշ տվյալներով ամերիկյան ավիաբազայում տեղակայված է Սինգապուրին պատկանող շուրջ 12 միավոր F-16 կործանիչ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2014-ի օգոստոսին, օդաչուական խցիկի ապակու վրա հայտնաբերված ճաքերի պատճառով իր ավիապարկում առկա 157 միավոր F-16D կործանիչներից 82-ի թռիչքն արգելել էր նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Վերջինս հորդորել էր օդաչուական խցիկների մանրակրկիտ ստուգում անցկացնել նաև բոլոր այն պետություններին, որոնց օդուժում շահագործվում են այս ինքաթիռները։

Նշենք, որ տեխնիկական այս թերության ծագման պատճառները դեռևս ստույգ հայտնաբերված չեն։ Այդ ուղղությամբ ներկայումս աշխատում են ամերիկյան օդուժի մասնագետները՝ ներառելով նաև F-16 կործանիչներն արտադրող Lockheed Martin ընկերության մասնագետներին։

F-16D-ն ամերիկյան արտադրության F-16 Fighting Falcon կործանիչի երկօդաչու մոդիֆիկացիան է։ F-16-ը շահագործվում է 1978-ից և առկա է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Այն կարող է զարգացնել մինչև 2 120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *