Սպառազինության մատակարարումներից չզրկվելու նպատակով Հնդկաստանի կառավարությունը ստիպված է մեղմացնել ռազմարդյունաբերական ընկերությունների վրա տարածվող պատժամիջոցները։ Այս մասին, ըստ «Ջեյնս» ռազմական հանդեսի, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Արուն Ջեյթլին (Arun Jaitley)։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հնդկաստանը պատրաստվում է պահել հավասարակշռությունը ապօրինությունների դիմած ընկերություններին պատժելու ու դրանցից սպառազինություն գնելու միջև։ Պատճառն այն է, որ կառավարության պատժամիջոցների պատճառով պաշտպանության նախարարությունը զրկվում է սպառազինության մատակարարումներից, ինչը լուրջ վտանգ է երկրի անվտանգության տեսանկյունից։ Մյուս կողմից, Հնդկաստանը չի կարող անպատիժ թողնել այն ընկերություններին, որոնք ապօրինությունների են դիմում զինված ուժերի հայտարարած սպառազինությունների գնման մրցույթներում։
Հարկ է նշել, որ Հնդկաստանի նախորդ կառավարությունները խիստ պատիժներ էին սահմանել մի շարք արտասահմանյան ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ու նրանց ներառել էին «սև ցուցակի» մեջ, ինչը նշանակում էր, որ հնդկաստանյան զինված ուժերը հրաժարվում են սպառազինություն գնել տվյալ ընկերություններից։
Հնդկաստանի «սև ցուցակում» հայտնվել էին մի խումբ արտադրողներ, որոնք, հնդկական կողմի պնդմամբ, անօրինական ճանապարհներով փորձել էին հաղթել Հնդկաստանի հայտարարած սպառազինության գնման մրցույթներում: Այդ ընկերությունների մեջ Հնդկաստանը նշում էր համաշխարհային այնպիսի արտադրողների, ինչպիսիք են իսրայելական IMI (Israel Military Industries), գերմանական Rheinmetall Defence ու այլ ընկերություններ:
Վերջիններս մերժել էին այս մեղադրանքներն ու պնդում էին, որ անօրինական քայլերի չեն դիմել։
Համաշխարհային զենք արտադրող ընկերությունների վրա դրված արգելանքները վատ էին ազդել Հնդկաստանի զինված ուժերի մարտունակության վրա, Հնդկաստանը չէր կարողանում ձեռք բերել անհրաժեշտ քանակի արկեր, ինչպես նաև խնդիրներ ուներ ինքնագնաց հաուբիցների գնման հարցում: Բացի այդ, Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ ստիպված էր եղել տարբեր տեսակի սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի գնման մրցույթներ չեղարկել ու նորից հայտարարել դրանք։
Հետագայում՝ նոր կառավարության ձևավորումից հետո, հնդկաստանյան իշխանությունները որոշեցին ժամանակավորապես կասեցնել «սև ցուցակի» գործողությունը, մինչև երկրի ազգային անվտանգության մարմինները չապացուցեն նշված ընկերությունների մեղավորությունը։
Դրանից հետո կառավարությունը վերսկսեց համագործակցությունն այդ ընկերությունների հետ ու նախկինում կնքված պայմանագրերի կատարումը վերականգնելու նպատակով պաշտպանության նախարարությունից խնդրեց տրամադրել կիսատ մնացած պայմանագրերի մասին տեղեկությունները: