Թայվանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակահրթիռային պաշտպանության ոլորտում գնումների նոր փաստաթուղթ, որը նախատեսում է 2015-ից 2024-ն ընկած ժամանակահատվածում հակահրթիռային պաշտպանության համալիրների ձեռքբերման համար ծախսել շուրջ 2.5 միլիարդ ամերիկյան դոլար։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։
Նշվում է, որ նախապատվությունը տրվելու է տեղական արտադրության Tien Kung III (թարգամանաբար՝ երկնային նետ) հակահրթիռային համալիրներին, որոնք երկրի կարևորագույն նշանակության օբյեկտները կարող են պաշտպանել ինչպես հակառակորդի մարտավարական հրթիռներից, այնպես էլ թռչող սարքերից։
Հարկ է նշել, որ Թայվանն իր պաշտպանական համակարգն արդիականացնում է՝ արտաքին սպառնալիքը տեսնելով գերազանցապես Չինաստանից։ Պաշտպանության նախարարության ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ ի թիվս այլ թիրախների, Tien Kung III համալիրն ունակ է խոցել նաև չինաստանյան J-15 կործանիչն ու J-20 ռմբակոծիչը։
Հարաբերությունները երկու երկրների միջև բավական լարված են, քանի որ Չինաստանը հավակնում է Թայվանի տարածքին՝ համարելով այն իր անքակտելի մասը։ Ու թեպետ վերջին շրջանում միջպետական հարաբերություններում նկատվում է լարվածության որոշակի անկում, այդուհանդերձ, Թայվանի հետախուզական ծառայությունը 2011-ի վերջին հրապարակած իր զեկույցում նշել էր՝ Չինաստանի զինված ուժերի շուրջ 1 600 միավոր հրթիռ նշանառված է Թայվանի վրա ու այդ գործընթացը շարունակական է, ուստի առաջիկայում դրանց թիվը կարող է հասնել 2 000-ի։
Սպառնալիքի հենց այս գործոնն էլ հաշվի առնելով՝ Թայվանում փաստացի միլիարդավոր դոլարներ են ուղղում հակահրթիռային պաշտպանության ցանցի զարգացման վրա։
Հավելենք, որ թայվանական նախագծման Tien Kung III հակահրթիռային համալիրն օդային թիրախները կարող է խոցել մինչև 150 կմ հեռավորության վրա։