Հնդկաստանը հրաժարվում է ուղղաթիռների գնումից՝ հանուն տեղական արտադրողների

Հնդկաստանի կառավարությունը վերաձևակերպել է 197 միավոր թեթև ուղղաթիռներ գնելու մրցույթը ու պահանջ է ավելացրել դրան, որով ուղղաթիռները պիտի արտադրվեն հնդկաստանյան ընկերությունների կողմից կամ դրանց մասնակցությամբ, հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

Արդեն ավարտին հասած մրցույթը Հնդկաստանի ղեկավարությունը որոշել է վերաձևակերպել, որպեսզի արտասահմանյան ընկերություններին դրդի ներդրումներ անել Հնդկաստանի ռազմարդյունաբերական ոլորտում ու նպաստի տնտեսության աշխուժացմանը: Այս քայլից հետո Հնդկաստանում գործող երեք ընկերություններ՝ Tata, Reliance ու Mahindra ընկերությունները, արդեն պատրաստվում են ուղղաթիռների արտադրության համար պայմաններ ստեղծել, քանի որ նոր պայմաններով տեղական ընկերություններն առնվազն 50 տոկոս մասնաբաժին պիտի ունենան մրցույթի մասնակից ուղղաթիռների արտադրության մեջ:

Հնդկաստանի զինված ուժերի Chetak թեթև ուղղաթիռ

Հնդկաստանի զինված ուժերի Chetak թեթև ուղղաթիռ

Նշենք, որ Հնդկաստանի կառավարությունը դեռևս 2000-ականների սկզբից մտադիր էր մոտ 200 թեթև ուղղաթիռ գնել՝ սեփական զինված ուժերի սպառազինության այդ դասի Cheetah (Չիթա) ու Chetak (Չիթաք) հնացած ուղղաթիռները փոխարինելու նպատակով: 2002-2003 թվականներին հայտարարված առաջին մրցույթում հաղթող էր ճանաչվել Eurocopterընկերությունը՝ AS-355 ուղղաթիռով, սակայն հետագայում Հնդկաստանի կառավարությունն ընկերությանը մեղադրեց ապօրինի գործողությունների մեջ, ու մրցույթը չեղյալ հայտարարվեց:

Հետագայում՝ 2008-ին, Հնդկաստանը նորից մրցույթ հայտարարեց, որի եզրափակիչ փուլ անցան նույն Eurocopterընկերությունը՝ AS-550 ուղղաթիռով, ու ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտը»՝ Կա-226Տ ուղղաթիռով: 2014-ի սկզբին ուղղաթիռների փորձարկումներն արդեն ավարտված էին ու մնում էր միայն կառավարության որոշումը, սակայն որոշման կայացումը հետաձգվեց մինչև հունիսի մեկը, իսկ հետո էլ՝ օգոստոսին, Հնդկաստանի կառավարությունը որոշեց վերաձևակերպել մրցույթի պայմանները:

Այդ ընթացքում խիստ անհրաժեշտությունից ելնելով՝ Հնդկաստանի զինված ուժերը հասցրին գնել նաև համեմատաբար նոր Cheetal (Չիթալ) ուղղաթիռների մոտ 30-միավորանոց խմբաքանակ, սակայն դրանք նույնպես բավական անարդյունավետ էին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *