Ռուսաստանը սկսում է զիջել դիրքերը սպառազինությունների հնդկական շուկայում

«Armstrade» կայքը շարունակում է հրապարակել նախորդ 8-ամյակում աշխարհում զենք-զինամթերթի առևտրի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ինչպես նաև առաջիկա 4-ամյակի համար կանխատեսումներ։ Այս անգամ հրապարակվել են բավականին ուշագրավ տեղեկություններ հնդկական շուկայի վերաբերյալ։ Այդ շուկայում նախորդ 8-ամյակում Ռուսաստանն անվիճելի առաջատար էր` 2003-2010թթ զբաղեցնելով շուկայի 59%-ը։ Հնդկական շուկայում երկրորդը Իսրաելն էր 14.2%-ով, երրորդում` Մեծ Բրիտանիան 13.5%-ով։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Իտալիան հաջորդում են առաջատար եռյակին։ Սա վերաբերում է փաստացի իրականացված գործարքներին։

Ինչ վերաբերում է առաջիկա 4 տարվա կանխատեսումներին, ապա այստեղ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Ռուսաստանը կպահպանի հնդկական շուկայում առաջատարի դիրքը և նույնիսկ զգալի կմեծացնի վաճառքի ծավալը, բայց հնդկական շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը կփոքրանա` 59%-ից դառնալով 41.3%։ Հնդկաստանը վերջին տարիներին տարեցտարի մեծացնում է սպառազինությունների գնման ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնում է մատակարարներին։ Սրա հետ մեկտեղ, ռուսները ոչ միշտ են կարողանում մրցունակ արտադրանք ներկայացնել։ Հաշվի առնելով այս հանգամանքները, կարելի է ենթադրել, որ այս միտումը հետագայում ևս կշարունակվի։ Փոխարենն իր դիրքերը հնդկական շուկայում ամրապնդում է ԱՄՆ-ը, որի մասնաբաժինը ըստ կանխատեսումների կկազմի 18.8%` 2003-2010թթ. 2.7%-ի փոխարեն։

Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը պարտվել է հարվածային ուղղաթիռների հնդկական մրցույթում, իսկ մինչ այդ էլ Ռուսաստանը դուրս էր մնացել բազմաֆունկցիոնալ կործանիչների խոշորագույն մրցույթից (126 կործանիչ)։

Աղբյուրներ։
2003-2010թթ վիճակագրություն։
2011-2014թթ կանխատեսումներ։

One response to “Ռուսաստանը սկսում է զիջել դիրքերը սպառազինությունների հնդկական շուկայում

  1. Pingback: ԱՄՆ-ը պատրաստ է վաճառել Հնդկաստանին «F-35» կործանիչներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *