Իրաքի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 30-ին հաստատել է ՌԴ-ից մի շարք ուղղաթիռների ստացման լուրը։ Դրանք կիրառվելու են իսլամիստների դեմ պայքարում։
Ինչպես գրում է Iraqinews.com կայքը, Իրաքի ՊՆ-ն հստակ քանակ չի նշել։ Այնուհանդերձ, համացանցում տարածվել է ուղղաթիռների ստացման տեսագրությունը, որտեղից երևում է, որ դրանք Մի-28ՆԷ ուղղաթիռներ են, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։
Հիշեցնենք, որ դեռևս սույն թվականի օգոստոսի 26-ին ռուսաստանյան «Ռուսվերտոլ» ընկերության ավիակայանում, որը Դոնի Ռոստովում է, լուսանկարել են Իրաք ուղևորվելուն պատրաստ 3 միավոր Մի-28ՆԷ մարտական ուղղաթիռներ, որոնք տարբերակիչ նշաններ չեն կրում, լուսանկարներում կողային համարները չեն երևում։
Դեռևս «Ռոսվերտոլի» 2013-ի տարեկան հաշվետվությունում նշված էր՝ արտասահմանյան պատվիրատուներից մեկին տրամադրվելու են 28 միավոր Մի-35Մ և 15 միավոր Մի-28ՆԷ ուղղաթիռներ, իսկ Իրաքը Մի-28-երի առաջին արտասահմանյան պատվիրատուն է։
Հավելենք, որ համաձայն 2012-2013-ին կնքված պայմանագրերի՝ առաջին 4 միավոր Մի-35Մ-ն Իրաքը ստացավ 2013-ի նոյեմբերին։ Ընդ որում, 2014-ի ամռան սկզբին արդեն Իրաքի կառավարությունը կիրառեց այս 4 ուղղաթիռներն իսլամիստների դեմ պայքարում։ Դրանցից առնվազն մեկ միավորը ոչնչացվել է։
Հավելենք, որ 2014-ի հուլիսի 1-ին ՌԴ Դոնի Ռոստովի շրջանում կայացած «Ռոսվերտոլ» գործարանի 75-ամյակին նվիրված ավիացուցադրության ժամանակ առաջին անգամ նկատվել են 2 միավոր Մի-28ՆԷ մարտական ուղղաթիռները, որոնք նախատեսված են Իրաքի համար։
Մի-28ՆԷ ուղղաթիռների վաճառքն իրաքյան կողմին մաս է կազմում 2012 թվականին Մոսկվայի և Բաղդադի միջև կնքված պայմանագրի, որով նախատեսվում է 4.3 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն գնել Ռուսաստանից:
Մի-28ՆԷ-ն Մի-28Ն (Նոչնոյ Օխոտնիկ) ուղղաթիռի արտահանման տարբերակն է: Մի-28Ն ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին:
Ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է։ Թռիչքային զանգվածը 10,9 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 12,1 տոննա։ Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 450 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3600մ: