ՀՀ նախագահն Արցախում է

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ի առավոտյան Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին: ՀՀ և Արցախի նախագահները եղել են «Սարտիս» իտալական ընկերության հիմնադրած «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որտեղ նախատեսվում է հիմնել ավելի քան 450 աշխատատեղ:

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը

Այնուհետև Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են Մարտակերտի շրջանի Չափար գյուղ, որտեղ ներկա են գտնվել գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Չափարի նախկին դպրոցը, որը 1990-ականների սկզբին պատերազմական գործողությունների ժամանակ զգալիորեն վնասվել էր և գործում էր մասնակի վերանորոգումից հետո, այսօր արդեն փոխարինվել է նոր և բարեկարգ երկհարկանի դպրոցով, որտեղ անցած ուսումնական տարվա համեմատ ավելացել է նաև աշակերտների թիվը. 84 աշակերտի համար նախատեսված ուսումնական այս հաստատությունում սեպտեմբերից դպրոց կհաճախի 53 աշակերտ:

Հայաստանի և Արցախի նախագահները Չափարում նաև ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նախօրեին հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ, ծանոթացել այնտեղ գործող ձեթի գործարանի աշխատանքներին:

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է. նախագահն այսօր ներկա կգտնվի նաև Շուշիի երկրաբանական թանգարանի բացմանը, իսկ երեկոյան՝ Շուշիի ամրոցում կայանալիք՝ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերային, որը նվիրված է Արցախի անկախության օրվան և անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *