Դոնեցկում ձերբակալված ՌԴ ԶՈւ 10 դեսանտայինները փոխանակվել են Ուկրաինայի 63 զինծառայողի հետ

ՌԴ զինված ուժերի 10 դեսանտայիններն, ովքեր օգոստոսի 24-ին ձերբակալվել էին Ուկրաինայում, փոխանակվել են այդ երկրի զինված ուժերի թվով 63 զինծառայողի հետ: Վերջինները օգոստոսի 27-ին թողնելով զենքն ինքնակամ անցել էին ՌԴ տարածք և ապաստան խնդրել։ Կողմերի միջև փոխանակումը կայացել է օգոստոսի 31-ին։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռոգոզինը։

ՌԴ ԶՈւ դեսանտայինները Կիևում հարցազրույց տալուց

ՌԴ ԶՈւ դեսանտայինները Կիևում հարցազրույց տալուց

Անցնող շաբաթվա ընթացքում ռուս-ուկրաինական սահմանից 20 կմ խորության վրա հայտնաբերված թվով 10 դեսանտայինները դարձել էին ուկրաինական ճգնաժամի համատեքստում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Կիևում այդ հանգամանքը վկայաբերում էին որպես ապացույց, որ ՌԴ-ի զինված ուժերն անմասն չեն մնում Դոնեցկում և Լուգանսկում կռվող ապստամբներին աջակցելուց։

Ռուսաստանյան կողմը, սակայն պնդում էր, որ դեսանտայիններն ունեին առաջադրանք իրականացնել պարեկություն սահմանի երկայնքով և Ուկրաինայի տարածքում հայտնվել են պատահաբար։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ իրենց զինված ուժերի զինծառայողներն անպատճառ վերադառնալու են հայրենիք։

Հարկ է նշել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ՝ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և զինամթերք կրելու համար։ Ու չնայած դրան, ռուսաստանյան կողմին հաջողվել է հասնել պայմանավորվածության ու կատարել զինծառայողների փոխանակում։

Օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ռոգոզինն այս կապակցությամբ լրագրողներին հայտնել է, որ թեպետ բանակցություններում արդյունքի հասնելը բավական բարդ էր, այդուհանդերձ «ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ մենք մերոնց չենք լքում (мы своих не бросаем)».

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *