Իրաքում հերթական ահաբեկչությանը զոհ է գնացել 37 հոգի

Մահապարտ ահաբեկիչն օգոստոսի 31-ին ականապատ ամենագնաց ավտոմեքենայով Իրաքի արևմտյան Ռամադի քաղաքում պայթյուն է իրականացրել, ինչի հետևանքով սպանվել են առնվազն 37 հոգի, որոնցից 22-ը՝ անվտանգության ոլորտի աշխատակիցներ, 15-ը՝ խաղաղ բնակիչ։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, վիրավորների թվի մասին պաշտոնական աղբյուրներն այս պահին լռում են։ Հայտնի է միայն, որ այն շինությունը, որին կից իրականացվել է ահաբեկչությունը, կառուցման փուլում էր, կիրառվում էր որպես ուժայինների կայան։

Նշենք, որ իրաքյան Ռամադի ու Ֆալուջե քաղաքներում 2014-ի հունվարից ի վեր արյունալի մարտեր են արձանագրվում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալների ու անվտանգության ոլորտի ներկայացուցիչների միջև։

Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի 6-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մի շարք ահաբեկչական գործողություններ էին իրականացվել, որոնց հետևանքով կար առնվազն 51 զոհ։ Ամենայն հավանականությամբ պայթյունների այս շարքը պատասխան գործողություն էր «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շուրջ 60 զինյալների սպանությանը Մոսուլ քաղաքում։

Ներկայումս Իրաքում լարված ներքաղաքական իրավիճակ է։ Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։ Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *