Տևական ժամանակ լռություն պահպանած Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը մեկնաբանել է իրեն ուղղված մեղադրանքները և շրջանառվող լուրերը, թե իրեն հետ են կանչել Բաքու՝ կաշառակերության համար ձերբակալելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը, Աբիևը հերքել է այն լուրերը, որ ինքը բուժում էր անցնում եվրոպական երկրներից մեկում, երբ Ադրբեջանի իշխանությունները պահանջել են, որպեսզի ինքը հետ գա ու պատասխանատվություն կրի կատարած հանցանքների համար:
Աբիևի խոսքերով՝ մինչ օրս ակտիվ այն ուժերը, որոնք փորձում են երկպառակություն սերմանել իր ու իշխանությունների միջև: «Ես երբևէ դրսում չեմ բուժվել, միշտ եղել եմ Բաքվի իմ տանը»,-հավելել է նախկին նախարարը:
Հիշեցնենք, որ «Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլին 2013-ի հոկտեմբերի 12-ին դիմել էր գլխավոր դատախազ Զաքիր Հարալովին, ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին Սաֆար Աբիևի՝ արտերկրյա բանկերում ունեցած հաշվեհամարների առնչությամբ։ Նրա դիմումը հրապարակվել է «Բիզիմ Յոլ» կայքում։
Ջաֆարլին շեշտում է, որ հունգարական «OTR BANK»-ը սառեցրել է Աբիևի հաշվեհամարը՝ 65 մլն եվրո (87 7մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ։ Խնդիրն այն է, որ բանկը պահանջել է Աբիևից ներկայացնել խոշոր չափի գումարի ծագումը, սակայն նախարարը, ինչպես և սպասվում էր, չի կարողացել բավարարել բանկի պահանջները։
2013-ի հոկտեմբերի 22-ին՝ շուրջ 18 տարի պաշտոնավարումից հետո, Սաֆար Աբիևը հեռացվել է նախարարի պաշտոնից, նրան փոխարինել է ներքին զորքերի նախկին հրամանատար Զաքիր Հասանովը: